Հայկական առաջին էլեկտրոնային առևտրային հարթակը՝ Telcell Market (www.telcell.market) մարկետփլեյսը սկսել է իր գործունեությունը և ակտիվորեն մասնակցում է Հայաստանում թվայնացված և թափանցիկ մանրածախ միջավայրի ստեղծման գործընթացին, news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանը:
«Մարկետփլեյսը սկսել է իր գործունեությունը 2023թ.-ի դեկտեմբերին և միակն է, որը լիովին անկախ է, ամբողջությամբ նախագծվել և ստեղծվել է Հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ ոլորտի) ներուժի կիրառմամբ և բացառիկ+ է իր տեսակի մեջ։ Մեր գործունեությունը միտված է աջակցելու և զարգացնելու տեղական բիզնեսը, ինչպես նաև խթանելու միջազգային կապերի ամրապնդումը։ Մարկետփլեյսն իր ֆունկցիոնալով և ինովացիոն լուծումներով համեմատելի է միջազգային ասպարեզում գործող առաջատար էլեկտրոնային առևտրային հարթակների հետ:
Մեր ջանքերով մշակվել և ներդրվել է բաշխված գործարքների համակարգ, որը լիովին ինտեգրված է տեղական ֆինանսական օպերատորների հետ, ինչը մեզ առանձնացնում է մեր մրցակիցներից և բարձրացնում ֆինանսական գործարքների անվտանգությունն ու արդյունավետությունը հարթակի ներսում։
Ներկայումս մեր ընկերությունն իր գործընկերներին տրամադրում է լիարժեք թվային գործիքներ՝ էլեկտրոնային առևտրային հարթակում գրանցվելու և իրենց ապրանքները վաճառելու համար: Մեր գործընկերները, գրանցվելով www.telcell.market հարթակում, ստանում են հնարավորություն իրականացնելու կրեդիտորական/դեբիտորական քարտային գործարքներ՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության, ինչը նշանակում է, որ այն բիզնեսի ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են վաճառել իրենց ապրանքները՝ միաժամանակ բարեխիղճ կատարելով հարկային օրենսդրության պահանջները, կարող են առանց լրացուցիչ ներդրումների գրանցվել Telcell Market-ում և ստանալ անհրաժեշտ ամբողջական գործիքակազմ իրենց օնլայն բիզնեսը սկսելու համար:
Տեխնոլոգիական նորարարություններից բացի Telcell Market-ն ակտիվորեն մասնակցում է հայկական մանրածախ շուկայի թվայնացման գործընթացին։ Մենք խթանում ենք էլեկտրոնային հարկային հաշիվների կիրառումը, ինչը նպաստում է թվայնացված և թափանցիկ մանրածախ միջավայրի ստեղծմանը Հայաստանում։
Այսպիսով, մենք աջակցում և հնարավորություն ենք ստեղծում թվային միջավայրից խուսափող կամ ոչ լիարժեք տիրապետող բիզնեսներին/վաճառողներին հեշտությամբ և առանց լրացուցիչ ծախսերի իրենց բիզնեսը տեղափոխել թվային միջավայր՝ փաստացի խթանելով մանրածախ բիզնեսի թվայնացման գործընթացը և կրճատելով էլեկտրոնային առևտրի ստվերային հատվածը։
Նշեմ, որ Telcell Market-ը խորապես արմատավորված է Հայաստանում, և մենք վստահ ենք, որ լրացուցիչ ոլորտային պետական աջակցման և անհրաժեշտ պետական ուշադրության պարագայում կարող ենք ոչ միայն ավելի արդյունավետ մրցել, այլ նաև խթանել մեր երկրի ՏՏ և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտների նշանակալի աճը, մասնավորապես՝ էլեկտրոնային առևտրի (E-Commerce)-ի ոլորտում Հայաստանը մրցունակ դարձնելու նպատակով։
Հարցին, թե որպես ՏՏ ոլորտի գործարար՝ Հայաստանում ոլորտային ի՞նչ միտումներ է տեսնում, պատասխանեց, որ Հայաստոնում, ինչպես և ողջ աշխարհում, բազմաթիվ ոլորտներ գնում են դեպի թվայնացում և շատերը բախվում են որոշակի խնդիրների հետ, որոնք, այդ թվում նաև, կապված են թվայնացման բարձր արժեքի հետ։ Չնայած դրան՝ տենդենցներից հետ չմնալու համար, յուրաքանչյուր ոլորտ պետք է զբաղվի իր լավարկմամբ, իսկ ՏՏ ոլորտը, հանդիսանալով գերակա ճյուղ, պետք է իր ողջ ներուժն ուղղի առաջին հերթին ինքնազարգացմանը և ստեղծի հնարավորություն ՏՏ լուծումներն այլ ոլորտների համար հասանելի և կիրառելի դարձնելու ուղղությամբ՝ ստեղծելով ընդհանուր արդի և հասանելի գործիքակազմ։ Հանդիսանալով ՏՏ ոլորտում գործող ընկերություն՝ մենք մեր առջև դրել ենք խնդիր՝ ստեղծել գործիքակազմ, որը կնպաստի Հայաստանում էլեկտրոնային առևտրի (E-Commerce) զարգացմանը և մանրածախ բիզնեսի թվայնացմանը, ինչը նաև համահունչ է ՀՀ Կառավարության տեսլականին, ինչպես նաև կօգնի մեզ դիմադրել տարածաշրջանում ոչ լոկալ խոշոր խաղացողների հետ պոտենցիալ մրցակցությանը։
Տիգրան Վարդանի ԿարապետյանըՀայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Կիբերնետիկայի ֆակուլտետի շրջանավարտ է, ունի Միկրոէլեկտրոնիկա և կիսահաղորդիչներ մասնագիտացումով մագիստրոսի որակավորոում: Ոլորտում իր մասնագիտական ուղղին սկսել է «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ում և շուրջ 10 տարի աշխատելով ընկերությունում՝ ղեկավարել է NVM (հոսանքաանկախ հիշողության) տոպոլոգիայի բաժինը։ 2013թ․-ին վերապատրաստվել է ԱՄՆ-ում՝ փորձի փոխանակման ծրագրով:
2017թ․-ին ընտրվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ)Տեղեկատվական և հաղորդակցական համակարգերի կազմակերպման և համակարգչային տեխնիկայի շահագործման բաժնի ղեկավար և շուրջ 4 տարի ղեկավարել է բաժինը։ Նույն ժամանակաշրջանում վերապատրաստվել է Մոսկվայի կառավարման SKOLKOVO դպրոցում, ինչից հետո առաջարկ է ստացել ստեղծել և ղեկավարել հայկական առաջին էլեկտրոնային առևտրային հարթակը՝ Telcell Market (www.telcell.market) մարկետփլեյսը և 2021թ․ից մինչ օրս հանդիսանում է «ԹԵԼ-ՍԵԼ ՄԱՐԿԵՏ» ՓԲԸ-ի տնօրեն։
Ամուսնացած է, ունի երեք զավակ։