Ռուսաստանում ուժի մեջ մտած ներգաղթի նոր կանոնները խնդիրներ են ստեղծել հայ բեռնատարների վարորդների համար․ տասնյակ վարորդներ արդեն ստացել են 3-ից 10 տարի ժամկետով մուտքի արգելքի ծանուցումներ։
Խնդիրը կապված է այն հանգամանքի հետ, որ նրանք Ռուսաստանում գտնվել են ավելի քան 90 օր։ 2025 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը խստացրել է անվիզա երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների մուտքի և գտնվելու կանոնները։
Ըստ նոր կարգավորումների՝ այն օտարերկրացիները, ովքեր իրենց ներգաղթային քարտում այցի նպատակ չեն նշում «աշխատանքը», կարող են Ռուսաստանում մնալ առավելագույնը 90 օր մեկ օրացուցային տարվա ընթացքում։
Սա լուրջ խնդիր է ստեղծել հատկապես միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների համար․ նրանցից շատերը ստիպված են երկար ժամանակ անցկացնել ճանապարհին՝ սահմանային հերթերի և մաքսային ուշացումների պատճառով։
Սեպտեմբերի 10-ից հետո ուժեղացվել են նաև վերահսկողությունները․ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը վարորդների տվյալները ստուգում է անմիջապես ճանապարհներին, իսկ արտաքսումը կարող է իրականացվել առանց դատարանի որոշման։
Վարորդների մի մասն արդեն դիմել է դեսպանություն՝ խնդրի լուծման և երկկողմ բանակցությունների նախաձեռման նպատակով։