ServiceTitan-ի բաժնետոմսերը Nasdaq-ում առաջին օրը բարձրացան 42%-ով՝ ծրագրային ապահովման ծառայություններ տրամադրող ընկերության կողմից IPO-ի ընթացքում շուրջ 625 միլիոն դոլար ներգրավելուց հետո։
Ընկերությունը, որը Nasdaq-ում ցուցակագրված է TTAN տիկերով, բաժնետոմսերը վաճառել է 71 դոլար գնով՝ կանխատեսված միջակայքից բարձր։ Բաժնետոմսերի գինը բացման և փակման պահին կազմել է 101 դոլար՝ ապահովելով ընկերության շուկայական արժեքը շուրջ 8.9 միլիարդ դոլար։
ServiceTitan-ի IPO-ն առանձնահատուկ է, քանի որ 2021թ. վերջից հետո տեխնոլոգիական ընկերություններից շատերը խուսափել են հրապարակային շուկաներ մուտք գործելուց։ Դրա պատճառներն են տոկոսադրույքների աճն ու գնաճի բարձրացումը, ինչը նվազեցրել է ներդրողների հետաքրքրությունը ռիսկային ակտիվների նկատմամբ։ ServiceTitan-ը առաջին նշանակալից վենչուրային աջակցություն ստացած տեխնոլոգիական ընկերությունն է, որը հրապարակային շուկա է դուրս եկել Rubrik-ի՝ այս տարվա ապրիլին կայացած IPO-ից հետո։ Մեկ ամիս առաջ Reddit-ն է սկսել իր առևտրի առաջին օրը Նյու Յորքի ֆոնդային բորսայում։
Այլ ընկերություններ նույնպես ակնարկում են IPO-ների պատրաստակամության մասին։ Օրինակ՝ Cerebras-ը, որը զբաղվում է չիպերի արտադրությամբ, սեպտեմբերին ներկայացրեց IPO հայտ, բայց գործընթացը դանդաղեցվել է ԱՄՆ-ի օտարերկրյա ներդրումների հանձնաժողովի (CFIUS) կողմից իրականացված վերանայման պատճառով։ Անցած ամիս առցանց վարկավորման հարթակ Klarna-ն հայտնեց, որ գաղտնի կարգով ներկայացրել է IPO-ի համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Թեև ուշ փուլում գտնվող ստարտափները հիմնականում խուսափում են հրապարակային շուկա դուրս գալուց, ներդրողները սկսել են նորից հետաքրքրություն ցուցաբերել տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ։
«Ընդունելությունը հիանալի է։ Ջուրը հիասքանչ է թվում»,- CNBC-ին տված հարցազրույցում ասել է ServiceTitan-ի նախագահ Վահե Կուզոյանը։
Index Ventures-ի գործընկեր և ServiceTitan-ի խորհրդի անդամ Նինա Աչաջյանը նշել է, որ ստացել է բազմաթիվ հաղորդագրություններ այլ վենչուրային կապիտալիստներից, որոնք կարծում են, որ այս արդյունքը բացում է դուռը նոր IPO-ների համար։
Չորեքշաբթի օրը Nasdaq Composite ինդեքսը առաջին անգամ փակվել է 20,000 կետի սահմանագծից բարձր։ Tesla, Alphabet, Amazon և Meta ընկերությունների բաժնետոմսերը հասել են ռեկորդային գներին, իսկ Apple-ը մնում է իր ամենաբարձր մակարդակի մոտ։