Հարանիստ գյուղում շուտով կբացվի նոր, ժամանակակից դպրոց․ այն կփոխարինի նախկին՝ չորրորդ կարգի վթարային շենքը։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, ով իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է դպրոցի շենքի լուսանկարները՝ «նախկինում և ներկայում»։
Չախոյանի խոսքով՝ նորակառույցը առանձնանում է իր նախագծային լուծումներով և ուսումնական հնարավորություններով․
«4-րդ կարգի վթարային շենքի փոխարեն երեխաները հնարավորություն կունենան նոր ու ընդարձակ դպրոցում սովորել։ Նորակառույց դպրոցը բացառիկ է, ունի նաև ձմեռային այգի, ամֆիթատրոն, ռոբոտաշինության ու արհեստական բանականության դասասենյակներ։ Բարով վայելեք»։
Նոր դպրոցական համալիրի կառուցումն իրականացվում է կրթական ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում և նպատակ ունի ստեղծել անվտանգ, տեխնոլոգիական և ժամանակակից կրթական միջավայր Հայանիստի աշակերտների համար։
Նոր դպրոցի բացումը կդառնա համայնքի զարգացման կարևոր քայլ՝ ապահովելով ոչ միայն կրթության որակի բարձրացում, այլև երեխաների ու ուսուցիչների համար հարմարավետ և ոգեշնչող միջավայր։