Հայաստանը և ԱՄՆ-ն պատրաստվում են ստորագրել ռազմավարական ենթակառուցվածքային համագործակցության փաստաթուղթ՝ «TRIPP» (Transportation, Railways, Infrastructure for Peace and Prosperity) անվանումով։ Այն նպատակ ունի զարգացնել ճանապարհային, երկաթուղային և հաղորդակցման ենթակառուցվածքները՝ առանց «միջանցքի» տրամաբանության, պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։
Փաստաթղթում նախատեսվում է նոր և արդիականացված հաղորդակցման ուղիների ստեղծում, որոնք կապահովեն Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ մուտք՝ հավասար պայմաններով։ Կկառուցվեն և կվերականգնվեն ճանապարհներ և երկաթուղիներ՝ Հայաստանի կապը ընդլայնելու Իրանի, Չինաստանի, Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի հետ։
Նախագիծը կիրականացվի համատեղ հայ-ամերիկյան կոնսորցիումի միջոցով, որը կգործի ՀՀ օրենսդրությամբ։ Ենթակառուցվածքները կմնան ՀՀ տարածքում և ՀՀ սեփականության տակ, իսկ կառավարումը կիրականացվի հավասար հիմունքներով։ Կոնսորցիումը կստանա վարձակալության իրավունք, սակայն ոչ սեփականություն։
Ֆինանսավորումը կապահովվի ԱՄՆ-ի կողմից, շինարարական աշխատանքներին կմասնակցեն և՛ հայկական, և՛ ամերիկյան ընկերություններ։ Անվտանգությունը կապահովի ԱՄՆ-ը՝ առանց զորքերի տեղակայման։
Կառավարության ներկայացուցիչների խոսքով՝ նախաձեռնությունը հնարավորություն կտա Հայաստանին վերածվել տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի, զարգացնել արտահանման կարողությունները և խթանել տնտեսական աճը։