Հայաստանը զբաղեցրել է 8-րդ տեղը հեղինակավոր Wanderlust Reader Travel Awards 2025 մրցանակաբաշխության «Ամենահետաքրքիր նոր ուղղություն» (Most Desirable Emerging Destination) անվանակարգում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից։
Wanderlust միջազգային ճանաչում ունեցող զբոսաշրջային պարբերականն ամեն տարի կազմակերպում է այս մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ընթերցողները քվեարկում են իրենց նախընտրած ճանապարհորդական ուղղությունների, տուրօպերատորների և բրենդների օգտին։
Այս տարվա քվեարկությունը բաց է եղել մինչև 2025 թվականի հոկտեմբերի 17-ը, իսկ հաղթողները հայտարարվել են Լոնդոնում, WTM London միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ընթացքում։
Մրցանակաբաշխության մի շարք անվանակարգեր որոշվել են փորձագիտական ժյուրիի կողմից, իսկ մյուսները՝ հանրային քվեարկությամբ, որտեղ Հայաստանը ճանաչվել է որպես աշխարհի ամենահետաքրքիր նոր ուղղություններից մեկը։