Հայ արտադրողները 2023 թվականին և 2024-ի առաջին վեց ամիսներին Ռուսաստան են արտահանել շուրջ 107,1 միլիարդ դրամի (275 միլիոն դոլար) կոնյակ։ Այս մասին են վկայում Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեից ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տրամադրած տվյալները։
2023 թվականին Հայաստանից Ռուսաստան կոնյակի արտահանման ծավալը կազմել է շուրջ 16,4 մլն լիտր մաքուր սպիրտ՝ 74,6 մլրդ դրամ (191,7 մլն դոլար), իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 7,2 մլն լիտր մաքուր սպիրտ՝ 32,5 մլրդ դրամ (83,4 մլն դոլար):
Գերատեսչության տվյալներով՝ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է կոնյակի արտահանման ոլորտում։ Արտահանվող կոնյակի շուրջ 80%-ը գնում է Ռուսաստանի Դաշնություն։
Հիշեցնենք՝ օգոստոսի 20-ին «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի և Ռուսաստանի կոնյակ արտադրողների միության համատեղ ուսումնասիրության մեջ նշվել էր, որ ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ը, իբր, անվտանգ չէ, իսկ արտադրանքը գրեթե կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ։