ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացվող «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, որտեղ ընդգծել է Հայաստանի տեսլականն ու դերը՝ որպես COP17-ի հյուրընկալող երկիր։
Նախարարը նշել է, որ այս գագաթնաժողովը պետք է դառնա ոչ պարզապես հերթական միջազգային միջոցառում, այլ բեկումնային հարթակ, որտեղ կենսաբազմազանության պահպանության հարցում կձևավորվեն համակարգային, ինտեգրված մոտեցումներ։ Նրա խոսքով՝ Հայաստանը կփորձի առաջնորդել համաշխարհային բնապահպանական օրակարգը գաղափարական հստակ ուղղությամբ, շեշտադրելով՝
«Հայաստանը կներկայացնի իր տեսլականը՝ որպես փոքր, բայց կենսաբազմազանությամբ հարուստ երկիր»։
Մաթևոսյանը կարևորել է նաև․
- բնապահպանական կրթության և իրազեկվածության բարձրացումը,
- երիտասարդության ներգրավումը ազգային և միջազգային որոշումների կայացման գործընթացներում,
- համագործակցությունը և մասնակցային կառավարումը, որտեղ կներգրավվեն նաև կանայք, տեղական համայնքներն ու քաղաքացիական հասարակությունը։
Նա նաև հանդես է եկել COP17-ի նախապատրաստական ճանապարհային քարտեզի վերաբերյալ զեկույցով և պատասխանել է մասնակիցների հարցերին՝ օրակարգային առաջնահերթությունների վերաբերյալ։
Գագաթնաժողովին մասնակցել են նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը՝ ընդգծելով նախաձեռնության թե՛ ազգային, թե՛ միջազգային կարևորությունը։