USD377.36EUR436.15RUB4.5802

Հայաստանը դառնում է միջազգային տեխնոլոգիական համագործակցության հարթակ՝ առաջին տարածաշրջանային վարժանքով

Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը միջազգային անվտանգության և գիտատեխնոլոգիական համագործակցության ոլորտում՝ դառնալով կարևոր հարթակ տարածաշրջանային նախաձեռնությունների իրականացման համար, հայտնում է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը։

Մասնավորապես, Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպություն–ի հետ համագործակցության շրջանակում՝ 2026 թվականի օգոստոսի 3-7-ը, ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Գառնու երկրաֆիզիկական դիտարանում կանցկացվեն Արևելյան երկրների համար նախատեսված տարածաշրջանային National Data Center (NDC) աշխատաժողով և սիմուլյացիոն վարժանք՝ նվիրված CTBTO տեխնոլոգիաներին։

Այս նախաձեռնությունը աննախադեպ է՝ նման մասշտաբի աշխատաժողով առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում։ Միջոցառմանը կմասնակցեն մոտ 25 ներկայացուցիչներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից՝ ապահովելով փորձի փոխանակում և մասնագիտական քննարկումներ։

Աշխատաժողովի ընթացքում CTBTO-ի փորձագետները կներկայացնեն կազմակերպության նորարարական տեխնոլոգիաներն ու լուծումները, որոնք հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ վերահսկել միջուկային փորձարկումների առնչվող տվյալները և ամրապնդել տարածաշրջանային անվտանգությունը։

Ավելի վաղ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան ընդունել է CTBTO գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի գլխավորած պատվիրակությանը և պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը։ Ֆլոյդը դրական է գնահատել Գառնու սեյսմիկ կայանի աշխատանքը, ընդգծելով դրա կողմից տրամադրված ճշգրիտ տվյալների կարևորությունը։

Մասնակցության համար գրանցումն արդեն բաց է CTBTO-ի պաշտոնական կայքում, իսկ միջոցառման օրակարգին կարելի է ծանոթանալ կազմակերպության տեղեկագրերում։

https://www.ctbto.org/node/9368

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ