Forbes-ը նոր հոդվածում գրում է, որ Հայաստանը աստիճանաբար ամրապնդում է իր դերը որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն․ այս գործընթացի առանցքում են սփյուռքի խոշոր ներդրումները և ԱՄՆ-ի ակտիվ աջակցությունը։
Ամերիկյան կառավարությունը հաստատել է Nvidia չիպերի մատակարարումը Firebird AI հայ-ամերիկյան ընկերության կառուցվելիք 500 միլիոն դոլար արժողությամբ տվյալների կենտրոնի համար։ 100 ՄՎտ հզորությամբ կենտրոնը կաշխատի Nvidia Blackwell GPU-ների վրա։ Սերվերները մատակարարելու է Dell-ը, իսկ ենթակառուցվածքներով զբաղվելու են Telecom Armenia-ն և Իռլանդիայի Imagine Broadband-ը։
Firebird AI նախագիծը հայկական սփյուռքի կողմից իրականացվող բազմամյա ներդրումների շարքի վերջին օրինակն է։ Մինչ այդ սփյուռքի աջակցությամբ ստեղծվել են նման նախաձեռնություններ, ինչպիսիք են Aurora Humanitarian Initiative-ը և United World College Dilijan-ը։
Nvidia-ի Omniverse-ի և Simulation Technologies-ի փոխնախագահ տեր Լեբարեդյանը Forbes-ին ասել է, որ սփյուռքում ուժեղ է հայրենիքի հանդեպ անձնական պատասխանատվության զգացումը.
«Հայերը 600–700 տարի պետություն չեն ունեցել։ Մեզ մանկուց սովորեցրել են, որ պետք է պատասխանատվություն կրենք»։
Նրա խոսքով՝ Հայաստանը ունի գիտելիքի տնտեսություն կառուցելու հազվագյուտ նախադրյալներ՝
• կոմպակտ տարածք,
• բարձր տեխնոլոգիական դպրոց խորհրդային շավղից,
• և առատ էներգետիկ ռեսուրսներ՝ ատոմային, արևային ու հիդրոէլեկտրական։
Լեբարեդյանի ձևակերպմամբ՝ «բարձր տեխնոլոգիաներն են Հայաստանի միակ արագ աճի հնարավորությունը․ հիմնական նպատակը էներգիան գիտելիքի վերածելն է»։
Forbes-ը նաև առանձնացնում է սփյուռքի ևս մեկ խոշոր ներկայացուցչի՝ Moderna-ի նախագահ և Flagship Pioneering-ի հիմնադիր Նուբար Աֆեյանին։ Հրատարակությունը Աֆեյանին և Լեբարեդյանին ներկայացնում է որպես Nvidia-ի ու Հայաստանի կառավարության միջև ձևավորված սերտ համագործակցության գլխավոր դերակատարներ։
Սակայն տնտեսական վերելքը նաև ռիսկեր ունի։ Forbes-ը հիշեցնում է, որ կրթական ու սոցիալական հսկայական նախագծեր ֆինանսավորած ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը շարունակում է մնալ կալանքի տակ Բաքվում, ինչը ցույց է տալիս տարածաշրջանի բիզնես առաջնորդների խոցելիությունը։
Եվրամիությունը նույնպես մեծացնում է իր ներգրավվածությունը Հայաստանում՝ զարգացնելով կրթական ու ստարտափ ծրագրեր, ներառյալ EU4Innovation East-ը։ Աֆեյանն ու Լեբարեդյանը ելույթ ունեցան Երևանում անցկացված DigiTec տեխնոլոգիական համաժողովում, որն այս տարի ներգրավեց ավելի քան 30,000 մասնակից և աջակցվեց ԵՄ-ի, Ֆրանսիայի կառավարության ու տեղական իշխանությունների կողմից։
Միևնույն ժամանակ, Հայաստանը գլոբալացնում է իր սեփական տեխնոլոգիական բրենդները։ Օրինակ՝ Հայաստանում հիմնադրված, ներկայում ԱՄՆ-ում գործող Picsart ընկերությունը գնահատվում է 1.5 միլիարդ դոլար։ Ընկերության հաղորդակցության ղեկավար Մադլեն Մինասյանի խոսքերով՝ Picsart-ը մեծ բարձունքների է հասել նաև Քիմ Քարդաշյանի հիշատակումից հետո․
«Նրա «Ինչքա՜ն խելոք է այս հավելվածը» գրառումը միլիոնավոր դիտումներ հավաքեց՝ փոքր պահ, բայց հսկայական ազդեցություն»։