Reuters-ի տեղեկացմամբ, ուրբաթ օրը Սպիտակ տանը նախատեսվող հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, Դոնալդ Թրամփի միջնորդությամբ, կստորագրեն հակամարտության խաղաղ կարգավորման փաստաթուղթ, որը ներառում է Հարավային Կովկասով ռազմավարական տրանսպորտային միջանցք ստեղծելու բացառիկ իրավունքների տրամադրում ԱՄՆ-ին։
Ըստ համաձայնագրի՝ Հայաստանը Միացյալ Նահանգներին կտրամադրի երկարաժամկետ բացառիկ իրավունքներ տարանցիկ միջանցք կառուցելու և շահագործելու համար։ Նախագիծը կկոչվի «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP)։
Երթուղին կգործի Հայաստանի օրենսդրության շրջանակում, իսկ ենթակառուցվածքների ստեղծումն ու կառավարումը կիրականացնի հատուկ ձևավորված կոնսորցիում։ ԱՄՆ պաշտոնյաների գնահատմամբ՝ նախագիծը կարող է վերափոխել ամբողջ «Միջին միջանցքը»՝ կապելով Չինաստանը Եվրոպայի հետ։