USD383.01EUR446.28RUB4.7349

Հայաստանը հետաքրքրված է միանալ Իրաքի «Զարգացման ճանապարհ» խոշոր ենթակառուցվածքային նախագծին

Հայաստանը պաշտոնապես դիմել է՝ միանալու Իրաքի «Զարգացման ճանապարհ» նախաձեռնությանը, որի նպատակն է Իրաքը վերածել Պարսից ծոցի, Թուրքիայի և Եվրոպայի միջև ռազմավարական տարանցիկ հանգույցի։

Ինչպես հայտարարել է Իրաքի վարչապետի տրանսպորտային հարցերով խորհրդական Նասեր Ալ-Ասաադին, ծրագրին միանալու պաշտոնական դիմումներ են ներկայացրել նաև Օմանը և Հայաստանը։

Նրա խոսքով՝ նախագիծը նախատեսում է խոշոր տրանսպորտային ենթակառուցվածքների՝ ավտոմայրուղիների, երկաթուղային գծերի և լոգիստիկ կենտրոնների կառուցում, ինչը կարող է էականորեն փոխել տարածաշրջանի տնտեսական քարտեզը։

Ալ-Ասաադին հավելել է, որ «Իրաքում Հայաստանի դեսպանը մեծ հետաքրքրություն է հայտնել ծրագրի նկատմամբ՝ առաջարկելով ստեղծել ազատ տնտեսական գոտի, որը կխթանի հայկական արդյունաբերության և Իրաքի ու տարածաշրջանի երկրների միջև առևտրային փոխանակումը»։

«Նման համագործակցությունը ցույց է տալիս միջազգային աճող հետաքրքրությունը «Զարգացման ճանապարհ» նախագծի նկատմամբ և ընդգծում է այն երկրների ցանկությունը, որոնք ցանկանում են դառնալ տարածաշրջանային նոր տնտեսական միջանցքի մաս», — նշել է նա։

📍Հիշեցնենք, որ Իրաքի «Զարգացման ճանապարհ» նախագիծը համարվում է Մերձավոր Արևելքի ամենաամբիցիոզ ենթակառուցվածքային ծրագրերից մեկը՝ մի քանի տասնյակ միլիարդ դոլար արժողությամբ։ Այն նպատակ ունի կապել Պարսից ծոցը Միջերկրական ծովի և Եվրոպայի հետ՝ ստեղծելով նոր ցամաքային առևտրային ուղի։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ