Հայաստանում արևային էլեկտրակայանների ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 1000 մեգավատը, ինչը նախատեսված էր միայն 2030 թվականին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ ներկայումս 1045 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ են միացված ազգային էլեկտրացանցին, որոնց մոտ կեսը գործում է ինքնավար ռեժիմով։
Կառավարության կողմից 2021 թվականին ընդունված էներգետիկ զարգացման ռազմավարությունը նպատակ ուներ մինչև 2030 թվականը հասնել արևային էներգիայի արտադրության 15% բաժնի, սակայն այս ցուցանիշը գերազանցվել է արդեն 2025-ին․
👉 ըստ տվյալների՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արևային էներգիան կազմել է էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 17.5%-ը։
Նպատակին նախատեսվածից հինգ տարի շուտ հասնելու հետևանքով կառավարությունը 2025 թվականի հուլիսին դադարեցրել է կանաչ վարկերի սուբսիդավորման ծրագիրը, որը խթանում էր արևային համակարգերի տեղադրումն ու էներգաարդյունավետ վերանորոգումները։ Պատճառը՝ ցանցի գերծանրաբեռնվածությունն էր, որի հետևանքով երբեմն ստիպված են լինում ժամանակավորապես անջատել որոշ կայաններ։
Ներկայումս մշակվում է նոր պետական ծրագիր, որը նպատակ ունի խթանել կուտակիչ համակարգերի ներդրումը և արևային կայանների կառուցումը կուտակիչներով, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ կառավարել արտադրված էներգիան և կայունացնել էլեկտրացանցը։
Բացի այդ, իրականացվում են աշխատանքներ՝ էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները ընդլայնելու ուղղությամբ․ կառուցվում են նոր էլեկտրահաղորդման գծեր դեպի Իրան և Վրաստան, ինչը կբացի տարածաշրջանային էներգետիկ համագործակցության նոր հնարավորություններ։