USD383.01EUR446.28RUB4.7349

Հայաստանը կարող է դառնալ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկի առանցքային կենտրոնը.Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլ

Հայաստանը գտնվում է ռազմավարական առումով շահավետ աշխարհագրական դիրքում և, ճիշտ օգտագործելով այդ առավելությունը, կարող է դառնալ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկի կարևոր մաս, հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը՝ հանդես գալով Միջազգային առևտրի և ներդրումների ֆորումի ընթացքում։

Դեսպանի խոսքով՝ Հայաստանը այժմ անցնում է ուշագրավ վերափոխումների շրջան, և երկրում տեսանելի են բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված իրական քայլեր։

«Մենք տեսնում ենք բարեփոխումների օրակարգ։ Հայաստանը և հայերը միշտ ունեցել են ուժեղ ձեռնարկատիրական ոգի, բայց հիմա ես իսկապես զգում եմ, որ այդ ոգին նորովի է կենդանանում։ Հայաստանը դառնում է դինամիկ և գրավիչ վայր միջազգային բիզնեսի համար», — նշել է Քոուլը։

Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Հայաստանին՝ ավել մրցունակ և նորարարական տնտեսություն ձևավորելու գործում, ստեղծելով բիզնեսի և ներդրումների համար բարենպաստ միջավայր։

«Այսօրվա հանդիպումը ավելին է, քան պարզապես ֆորում։ Այն գործողության իրական հարթակ է, որը միավորում է բիզնես առաջնորդների, քաղաքականության մշակողների և ներդրողների Հայաստանից և արտերկրից։ Այս համագործակցությունը կարող է ձևավորել առևտրի և ներդրումների ապագան ողջ տարածաշրջանում», — ասել է դեսպանը։

Ալեքսանդրա Քոուլը հավելել է, որ Մեծ Բրիտանիան տեսնում է մեծ պոտենցիալ Հայաստանի նորարարական և ձեռնարկատիրական ոլորտներում.

«Հայաստանում ներդրումներ կատարելով՝ մենք ներդրում ենք անում կայունության, նորարարության և համատեղ բարգավաճման ապագայում»։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ