2025-2026 ուսումնական տարվանից Հայաստանը նախատեսում է փորձնական ձևաչափով ավելացնել պետական պատվերով վերապատրաստման մասնագիտությունների ցանկը՝ տեխնիկական և մասնագիտական կրթության ոլորտում։
Նոր ավելացված մասնագիտությունները ներառում են «Շինարարական աշխատանքներ, կահույքի արտադրության տեխնոլոգիա» և «Կռունկների շահագործում» ծրագրերը։ Դրանք կիրականացվեն պետական գնումների մեխանիզմով՝ պետական բյուջեի հաշվին:
Հիշեցնենք՝ պետական գնումների այս ձևաչափը նախորդ տարի ներդրվել էր առաջին անգամ, երբ պետական պատվեր էին տրամադրվել «կաթիլային ոռոգման օպերատոր», «էլեկտրական տրանսպորտի սպասարկում» և «գյուղատնտեսական տեխնիկայի օպերատոր» մասնագիտությունների համար։
2025-2026 ուսումնական տարում ամբողջ երկրի մակարդակով պետական գնումների ծրագրի շրջանակում նախատեսվում է հատկացնել 9376 տեղ՝ նույն ծավալով, ինչ նախորդ տարի։ Բացատրական գրության մեջ, սակայն, չի հստակեցվում, թե ինչ ռեսուրսների հաշվին է հնարավոր դարձել նոր մասնագիտությունների ընդգրկումը։
Նշենք, որ հանրապետության քոլեջներում և արհեստագործական դպրոցներում ուսանողների մոտ 90%-ը սովորում է անվճար։ Պետական պատվերով ընդունված ուսանողները ստանում են ամսական 50,000 դրամ կրթաթոշակ՝ առաջին ուսումնական տարում՝ անկախ առաջադիմությունից, իսկ հետագայում՝ ակադեմիական արդյունքների հիման վրա։