Հայաստանը սկսել է քննարկումներ միջազգային ավտոմոբիլային սպորտի կառույցի հետ՝ մոտոսպորտի զարգացման և խոշոր մրցաշարերի անցկացման հնարավորությունների շուրջ։ Երկիր է ժամանել Fédération Internationale de l’Automobile-ի (FIA) սպորտի գլխավոր քարտուղար Վալերիո Յակիցիի գլխավորած պատվիրակությունը։
Պատվիրակության այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ քննարկվել են մոտոսպորտի ենթակառուցվածքների զարգացման, ներդրումների ներգրավման և Հայաստանում միջազգային մրցումների կազմակերպման հեռանկարները։
Քննարկումների օրակարգում են եղել նաև ավտոսպորտի ինստիտուցիոնալ զարգացման, մարզական ենթակառուցվածքների արդիականացման և միջազգային ստանդարտներին համապատասխանեցման հարցերը։ Կողմերը դիտարկել են երկարաժամկետ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ ապագայում բարձր կարգի մրցաշարերի անցկացումը։
FIA-ն համաշխարհային կառույց է, որը կարգավորում է ավտոմոբիլային սպորտը և հովանավորում է հեղինակավոր մրցաշարեր, այդ թվում՝ Formula One-ը։