Հայաստանը նպատակ ունի հանդես գալ որպես նախաձեռնող և պատասխանատու երկիր համաշխարհային բնապահպանական գործընթացներում՝ պատրաստվելով ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի COP17 համաժողովին։ Այս մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը։
Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը հոկտեմբերի 14-16-ը Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում մասնակցել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) REUFIS ցանցի կողմից կազմակերպված «Ինվազիվ բույսերի դեմ պայքարն անտառներում և քաղաքային լանդշաֆտներում. ռազմավարություններ REU տարածաշրջանի համար» աշխատանքային հանդիպմանը։
Հանդիպումը միավորել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչներին՝ քննարկելու կենսաբազմազանությանը սպառնացող ինվազիվ բուսատեսակների դեմ պայքարի գործնական մեխանիզմներն ու ռազմավարությունները։ Այն անցկացվել է FAO-ի հիմնադրման 80-ամյակի միջոցառումների շրջանակում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է կազմակերպության երկարամյա դերը բնական ռեսուրսների պահպանման և կայուն զարգացման գործում։
Լուսինե Ալեքսանյանը հանդես է եկել ելույթով, որտեղ ներկայացրել է Հայաստանի ազգային մարտահրավերները, բնապահպանական կառավարման քաղաքականությունը և ծառայության գործունեությունը։ Նա առանձնակի ուշադրություն է հրավիրել COP17-ի նշանակության վրա՝ ընդգծելով, որ
«Հայաստանը պատրաստվում է COP17-ին ոչ թե պարզապես որպես հյուրընկալող երկիր, այլ որպես պետություն, որն ունի հստակ տեսլական և արժանապատիվ դեր համաշխարհային բնապահպանական քաղաքականության ձևավորման մեջ»։
Համաժողովը դիտվում է որպես կարևոր հարթակ միջազգային համագործակցության խորացման, լավագույն փորձի փոխանակման և ինվազիվ տեսակների տարածումը կանխարգելող համակարգված մոտեցումների մշակման համար։
Էկոպարեկային ծառայությունը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ակտիվ մասնակցություն ունենալու գլոբալ բնապահպանական ջանքերին և իր ներդրումն ունենալու էկոլոգիական անվտանգության և կայուն զարգացման ապահովման գործում։