USD381.47EUR449.14RUB4.9007

Հայաստանը սկսում է պետական աջակցություն արհեստական բանականության ոլորտում

ՀՀ կառավարությունը հաստատել է արհեստական բանականության զարգացմանն ուղղված պետական աջակցության փորձնական ծրագիր, որի շրջանակում ոլորտի մասնագետները և թիմերը կկարողանան անվճար օգտվել բարձր արդյունավետության հաշվողական ռեսուրսներից՝ պետական միջոցների հաշվին։

Նախաձեռնությունն իրականացվում է Amazon Web Services-ի հետ համագործակցությամբ՝ Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտի (AIVI) շրջանակում։ Ծրագրով նախատեսվում է, որ ընտրված մասնակիցների համար պետությունը ամբողջությամբ կփոխհատուցի ամպային հաշվողական հզորությունների օգտագործման ծախսերը։

Ծրագրի նպատակը արհեստական բանականության զարգացման հիմնական խոչընդոտներից մեկի՝ բարձրարժեք սերվերների և գրաֆիկական պրոցեսորների հասանելիության խնդրի լուծումն է, որոնք անհրաժեշտ են մոդելների ուսուցման և գործարկման համար։

Աջակցությունից կարող են օգտվել արհեստական բանականության ոլորտում գործող ստարտափները, հետազոտական խմբերը, բուհերը և անհատ մասնագետները։ Հաշվողական ռեսուրսների ընտրությունն ու բաշխումը կիրականացնի Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը, որը կգործի նաև որպես մասնագիտական համագործակցության և փորձի փոխանակման հարթակ։

Ծրագրի շրջանակում մասնակիցները կստանան նաև տեխնիկական խորհրդատվություն և աջակցություն AWS-ի միջազգային փորձ ունեցող մասնագետների կողմից։ Նախաձեռնությանը միացել են նաև միջազգային գործընկերներ՝ Mistral AI-ն և Plug and Play-ը, որոնք կնպաստեն ծրագրի նորարարական և գործնական բաղադրիչների ամրապնդմանը։

Դիմումների ընդունումը կսկսվի դեկտեմբերի 29-ին՝ ai.gov.am հարթակում։ Կառավարության գնահատմամբ՝ ծրագիրը կարող է արագացնել Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի զարգացումը և զգալիորեն նվազեցնել տեղական թիմերի համար համաշխարհային շուկա դուրս գալու խոչընդոտները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ