Հայաստանը պաշտոնապես ճանաչվել է Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկեր կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտում։
Կարգավիճակի հաստատումը տեղի է ունեցել Սպիտակ տանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած նորարարական համագործակցության համաձայնագրի արդյունքում։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ համաձայնագրով Հայաստանը հնարավորություն է ստանում դառնալու համաշխարհային տեխնոլոգիական շղթայի կարևոր մասնակից։ Մասնավորապես՝ նախատեսվում է․
• արտահանման պարզեցված ու արագացված մեխանիզմների ներդրում,
• արհեստական բանականության ոլորտում մարդկային կապիտալի զարգացում,
• առաջադեմ տեխնոլոգիաների հասանելիության ապահովում Հայաստանի համար։
Միացյալ Նահանգները նաև պատրաստվում է նպաստել խոշոր միջազգային տեխնոլոգիական ընկերությունների մուտքին Հայաստան և նոր ներդրումների ներգրավմանը։