Հոկտեմբերի վերջի դրությամբ հայաստանյան բանկերում տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 6 տրլն դրամ ($15 մլրդ)՝ մեկ տարվա ընթացքում աճելով 1,1 տրլն դրամով կամ 23,1%-ով։ Միայն հիփոթեքային վարկերի ընդհանուր պորտֆելը կազմում է 1,3 տրլն դրամ (3,3 մլրդ դոլար)։ Տարվա ընթացքում դրանց ծավալն աճել է 292 մլրդ դրամով կամ 28,5%-ով։ Բանկերի վարկային պորտֆելի մյուս հիմնական ուղղությունը սպառողական վարկերն են, որոնք տարվա ընթացքում աճել են 24%-ով կամ 256 մլրդ դրամով՝ հոկտեմբերի վերջին կազմելով մոտ 1,3 տրլն դրամ։ Չնայած Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցմանը մինչև 7%, բանկերը մեծ պահանջարկի պատճառով չեն նվազեցնում վարկերի տոկոսադրույքները։ 2024 թվականի հունվարին վարկերի միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 15,03%, իսկ 9 ամիս անց՝ նոյեմբերին՝ 14,83%։