Էմիր Միշաալ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, ողջունելով դեսպան Առաքելյանին, շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու հաջող գործունեություն՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացման։ Քուվեյթի Էմիրը ընդգծել է Քուվեյթը և Հայաստանը միավորող բարեկամական կապերն ու պատրաստակամություն հայտնել նպաստել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը։ Նա նաև գոհունակությամբ է անդրադարձել Քուվեյթում բնակվող հայկական համայնքի դերակատարությանը երկրի հասարակական կյանքում։ Դեսպանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու գործընկերությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել քուվեյթյան իշխանություններին՝ հայկական համայնքի հանդեպ դրսևորած ուշադրության և ստեղծված արժանապատիվ պայմանների համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Դեսպան Առաքելյանը շնորհակալություն է հայտնել՝ Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը սատարելու Քուվեյթի անփոփոխ դիրքորոշման համար, նկատելով, որ Հայաստանն իր հերթին սկզբունքորեն մերժում է հակամարտությունները զենքի ուժով լուծելու մոտեցումը և բոլոր ջանքերը գործադրում է միջազգային հարարբերություններում այդ սկզբունքի գերակայությունն ապահովելու համար։