ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ Հայաստանի և Սերբիայի մի շարք բանկեր խստացրել են Ռուսաստանին առնչվող ֆինանսական գործարքների ստուգումները։ Իրավաբանների և ֆինանսական խորհրդատուների գնահատմամբ՝ բանկային համակարգում նկատվում են վճարումների ուշացումներ և որոշ դեպքերում՝ մերժումներ։
Մասնագետները խստացումները կապում են Եվրոպական հանձնաժողովի դեկտեմբերին կայացրած որոշման հետ, որով Ռուսաստանը ներառվել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում։ Այդ որոշումը, ըստ փորձագետների, բանկերին պարտադրել է ուժեղացնել համապատասխանության (compliance) մեխանիզմները, հատկապես եվրոյով և ԱՄՆ դոլարով իրականացվող գործարքների դեպքում։
Նշվում է, որ նմանատիպ խստացումներ արձանագրվել են նաև Տաջիկստանի, Ղազախստանի և Օմանի բանկերում։ Փոփոխությունները վերաբերում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց, որոնք ունեն ֆինանսական կամ գործարար կապեր Ռուսաստանի հետ։
ՌԲԿ-ի տվյալներով՝ Սերբիայի և Հայաստանի որոշ բանկեր արդեն իսկ կասեցրել կամ սահմանափակել են Ռուսաստանում բնակվող ռուս քաղաքացիների համար իրականացվող վճարումները՝ հիմնավորելով դա փողերի լվացման դեմ պայքարի պահանջներով, ինչպես նաև եվրոպական և ամերիկյան թղթակից բանկերի կողմից աճող վերահսկողությամբ։