USD382.52EUR442.73RUB4.7114

Հայաստանի թիվ մեկ բարեգործը հենց հարկատու քաղաքացին է. Սիսակ Գաբրիելյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում անդրադարձել է Հայաստանի «բոլոր ժամանակների թիվ մեկ բարեգործին»՝ ընդգծելով, որ այդպիսիք հենց հայաստանցի հարկատուներն են։

Պատգամավորը Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում ներկայացրել է ընթացող շինարարական աշխատանքները՝ նշելով, որ այստեղ կառուցվում է նոր, գերժամանակակից դպրոց, որը նախատեսված է մի քանի հարյուր աշակերտի համար։

«Հարևանությամբ գերեզմանատուն կար, դպրոցը ամբողջությամբ առանձնացվում, ցանկապատվում, տանիքը փոխվում, պատերը գունազարդվում, հիմքերը ամրացվում են։ Դպրոցը գտնվում է հրաշալի բնության մեջ, և մի քանի ամիս հետո տեսարանը լրիվ այլ տեսք է ունենալու», — նշել է Գաբրիելյանը։

Նրա խոսքով՝ բարեփոխումները միայն դպրոցով չեն սահմանափակվում․ դեպի նորակառույց դպրոցներն այժմ կառուցվում են նոր ճանապարհներ, իսկ Ձորաղբյուր գյուղ տանող ճանապարհը արդեն ավարտին է հասցվել․

«Մինչև Ձորաղբյուր կառուցվել է ֆանտաստիկ ճանապարհ՝ կահավորված մայթեզրերով, ջրահեռացման համակարգերով, գծանշումներով։ Այսպիսի ճանապարհ գյուղը ստեղծման օրվանից չի ունեցել։ Այժմ գյուղից մինչև Նոր Նորքի երկրորդ զանգված կարելի է հասնել ընդամենը 6-8 րոպեում», — ասել է պատգամավորը։

Գաբրիելյանը եզրափակել է՝

«Մեր երկրի թիվ մեկ բարեգործը ՀՀ-ում աշխատող և հարկերը վճարող քաղաքացի հենց դու ես»։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ