Իրանն իր շուկան կբացի հայկական արտահանման հիմնական մասի համար ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում։ Հայաստանի համար արտոնյալ ռեժիմը ծածկելու է դեպի Իրան արտահանման 98%-ը, իսկ դեպի այս երկիր հայկական հիմնական արտահանումների միջին մաքսատուրքը 23%-ից կնվազի 8,1%-ի։ Իրանն առաջին անգամ արտաքին առևտրային պրակտիկայում համաձայնել է զրոյական մաքսատուրք կիրառել ԵԱՏՄ երկրների ապրանքների համար։ Հայկական կողմի առաջարկով համաձայնագիրը ներառել է հանքային ջրեր, զովացուցիչ ըմպելիքներ, շոկոլադ և քաղցրավենիք, ծխախոտ, գառան միս։ Կկրճատվեն դեղերի և ոսկերչական իրերի տուրքերը. Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ բոլոր երկրների խորհրդարանների վավերացումից հետո։