Հայաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները մոտ ապագայում կստորագրեն ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր, որի նպատակն է վերացնել առևտրական խոչընդոտները, բարելավել գործարար միջավայրը և ընդլայնել տնտեսական կապերը։
Փաստաթղթով նախատեսվում է փոխադարձ արտոնությունների տրամադրում մի շարք ոլորտներում։ Հայաստանը էմիրաթական ընկերություններին արտոնություններ կտրամադրի գյուղատնտեսության, ճարտարագիտական և գիտատեխնիկական խորհրդատվության, առողջապահության, կրթության, շրջակա միջավայրի պահպանության և փոստային ծառայությունների ոլորտներում։ Դրա դիմաց հայկական ընկերությունները ԱՄԷ-ում կստանան պարզեցված հասանելիություն տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանական և շինարարական ծառայությունների շուկաներին։