Կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ Տյանցզին քաղաքում։ Հանդիպման արդյունքում երկու երկրների միջև հաստատվել է ռազմավարական գործընկերություն։
Ինչպես հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, Սի Ցզինպինը ընդգծել է, որ ռազմավարական գործընկերության հաստատումը կարևոր փուլ է Հայաստանի և Չինաստանի հարաբերությունների զարգացման ճանապարհին։
Չինաստանի նախագահը նշել է, որ երկու երկրները պետք է վճռականորեն աջակցեն միմյանց, խորացնեն համագործակցությունը տարբեր ոլորտներում և հասնեն նոր նվաճումների։
Նա կոչ է արել ակտիվորեն համատեղ մշակել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը։ Բացի այդ, Պեկինը հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի անդամակցությանը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ), ինչպես նաև ՀՀ կառավարության «Աշխարհի խաչմերուկ» նախագծի իրականացմանը։