USD382.7EUR445.5RUB4.814

Հայաստանում կկառուցվեն հինգ նոր ջրամբար՝ 108 միլիոն դոլար ներդրմամբ

Հայաստանում առաջիկա տարիներին նախատեսվում է կառուցել հինգ նոր ջրամբար, որոնց ընդհանուր տարողունակությունը կկազմի շուրջ 18 միլիոն խորանարդ մետր։ Նախագծերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 43,3 միլիարդ դրամ (108 միլիոն դոլար)։

Այս մասին տեղեկացվել է կառավարության Հանրային ներդրումների կոմիտեի 7-րդ նիստում, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են ջրամբարաշինության նոր նախագծեր տարբեր մարզերում։

Նախագծերի նպատակն է բարելավել 6175 հեկտար հողատարածքի ջրամատակարարումը և ավելացնել գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկված հողերի մակերեսը ևս 1696 հեկտարով։ Ընդհանուր առմամբ ծրագրերը կբարենպաստեն շուրջ 700 հազար մարդու։

Նոր ջրամբարների հիմնական ցուցանիշները՝

Քասախ (Արմավիր) — 10 մլն մ³ տարողունակություն, 4517 հա բարելավված ջրամատակարարում, 503 հա լրացուցիչ ոռոգում, արժեքը՝ 15.4 մլրդ դրամ (38 մլն դոլար)։ Սևան–Հրազդան համակարգի մաս կազմող այս ջրամբարը կնպաստի Սևանի ջրային ռեժիմի կայունացմանը։ Էլփին (Վայոց Ձոր) — 0.93 մլն մ³ տարողունակություն, 132 հա բարելավված ջրամատակարարում, 168 հա լրացուցիչ ոռոգում, 0.3 մլն կՎտ/ժ էներգախնայողություն, արժեքը՝ 3.3 մլրդ դրամ (8 մլն դոլար)։ Աստղաձոր (Գեղարքունիք) — 1.55 մլն մ³ տարողունակություն, 210 հա բարելավված ջրամատակարարում, 530 հա լրացուցիչ ոռոգում, 1.6 մլն կՎտ/ժ խնայողություն, արժեքը՝ 7.5 մլրդ դրամ (19 մլն դոլար)։ Արատիկ (Շիրակ) — 1.479 մլն մ³ ջրամբարի վերակառուցում, 300 հա նոր գյուղատնտեսական հողեր, արժեքը՝ 5.7 մլրդ դրամ (14 մլն դոլար)։ Լիճք (Սյունիք) — 4 մլն մ³ տարողունակություն, 1315 հա բարելավված ջրամատակարարում, 195 հա լրացուցիչ ոռոգում, 2.1 մլն կՎտ/ժ խնայողություն, արժեքը՝ 11.4 մլրդ դրամ (29 մլն դոլար)։

Նշենք, որ վերջին տարիներին կառավարությունը ակտիվորեն իրականացնում է ջրային ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր․ Վեդիի ջրամբարի շինարարությունը վերջերս ավարտվել է՝ 90 միլիոն եվրո ներդրմամբ, իսկ Կապսի ջրամբարի կառուցումը շարունակվում է՝ 95.2 միլիոն եվրո արժեքով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ