ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ՝ քննարկելու արհեստական բանականության վրա հիմնված խոշոր տվյալների կենտրոնի ստեղծման նախագիծը։
Ալեքսանդր Եսայանը ներկայացրել է նախագծի արդեն ավարտված փուլերը և ուրվագծել նախաձեռնության առջև ծառացած հիմնական մարտահրավերները։ Քննարկվել են կենտրոնի կառուցման համար օպտիմալ վայրի ընտրության, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման և կայուն էլեկտրամատակարարման հարցերը։
Նախարար Հայրապետյանը նշել է, որ նախագծի հաջող իրականացումը պահանջում է համակարգված մոտեցում բոլոր աշխատանքներին՝ ընդգծելով տվյալների կենտրոնի նշանակալի դերը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման համար։
Հանդիպման ընթացքում կողմերը գտել են լուծումներ և հասել համաձայնությունների հաջորդ քայլերի պլանավորման և նախագծի արդյունավետ իրագործման վերաբերյալ։
Նախագիծը նախատեսում է շուրջ 500 միլիոն դոլարի ներդրումներ, հազարավոր NVIDIA Blackwell GPU-ների տեղադրում և ավելի քան 100 մեգավատ հզորությամբ ենթակառուցվածքների ստեղծում։ Տվյալների կենտրոնի գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։