Հայաստանի իշխանությունները հիմնարար որոշում են կայացրել նոր ատոմակայանը կառուցել մոդուլային սկզբունքով։ Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս ուսումնասիրվում են մի շարք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Կորեայի և Ֆրանսիայի ներկայացրած առաջարկները, սակայն կոնկրետ մոդել դեռ չի ընտրվել։
Նախարարը նշել է, որ գործընթացում շտապողականություն չկա, և վերջնական տեխնոլոգիայի ընտրությունը նախատեսվում է 2026-2027 թվականներին։ Դրանից հետո պարզ կդառնա, թե որ երկրի հետ է Հայաստանը համագործակցելու նախագծի իրականացման շրջանակում։
Մոդուլային ատոմակայանը դիտարկվում է որպես ավելի ճկուն և ժամանակակից լուծում՝ անվտանգության բարձր մակարդակի, կարճ շինարարական ժամկետների և ներդրումային արդյունավետության տեսանկյունից։ Նախագծի իրականացումը նախատեսվում է ավարտել մինչև 2036 թվականը։