Հայաստանում մեկնարկել է պետական գնումների համակարգի լայնածավալ բարեփոխում։ Ազգային ժողովը քննարկում է «Գնումների մասին» օրենքում փոփոխությունների փաթեթ, որը նպատակ ունի նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և շահերի բախման դեպքերը։
Առաջարկվող փոփոխությունների առանցքում պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված ընկերությունների համար սահմանափակումների խստացումն է։ Նոր համակարգով պաշտոնյաները բաժանվելու են երեք մակարդակի։
Ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների՝ վարչապետի, նախագահի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետերի և ֆինանսների նախարարի, ինչպես նաև համապատասխան ոլորտի պատասխանատու փոխնախարարների դեպքում կսահմանվի լիակատար արգելք․ նրանց հետ կապված ընկերությունները չեն կարողանա մասնակցել որևէ պետական գնումների մրցույթի։
Երկրորդ և երրորդ մակարդակի պաշտոնյաների համար սահմանափակումները կգործեն իրենց գերատեսչությունների շրջանակում․ նրանց հետ փոխկապակցված ընկերությունները չեն կարողանա մասնակցել տվյալ կառույցի կողմից հայտարարված մրցույթներին։
Վերահսկողությունն իրականացնելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Ընկերությունները պարտավոր կլինեն մրցույթներին մասնակցելիս հայտարարագրել շահերի բախման բացակայությունը։
Խախտումների դեպքում նախատեսվում է խիստ պատասխանատվություն․ պայմանագիրը կչեղարկվի, իսկ վճարված գումարի 20%-ը կվերադարձվի պետական բյուջե։