Այս տարի Հայաստանում մթերվել է 211 հազար տոննա խաղող, ինչը 47 հազար տոննայով ավելի է, քան նախորդ տարվա մթերման ծավալը՝ 164,200 տոննան։
Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նշելով, որ մթերվել են խաղողի գրեթե բոլոր սորտերը․
«Մի փոքր ‘Արենի’ սորտ է մնացել, ինչպես նաև որոշ սեղանի սորտեր, որոնք շուկայում տեսքի և որակի առումով ամբողջովին չեն համապատասխանում պահանջներին։ Սակայն դրանք ևս մթերվում են՝ մթերողների պատրաստակամության շնորհիվ», — ասել է նախարարը։
Պապոյանի խոսքով՝ մթերման գործընթացը ավարտված է շուրջ 99 տոկոսով, և առաջիկա օրերին այն ամբողջությամբ կփակվի։
«Մաքսիմում 1000-2000 տոննա կարող է մնացած լինել, որոնք հիմնականում ‘Արենի’ կամ սեղանի սորտերի խաղողներ են», — հավելել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ խաղողի ոլորտում տեղի են ունենում խորքային կառուցվածքային փոփոխություններ, որոնք պետք է դիտարկել որպես բնական զարգացման գործընթաց.
«Չեն կարող այդ փոփոխությունները կասեցնել կամ կանգնեցնել, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տնտեսությունը և գյուղատնտեսությունը ադապտացվեն այդ փոփոխություններին», — ընդգծել է վարչապետը։
Այս տարվա բարձր մթերման ցուցանիշը, ըստ նախարարության, պայմանավորված է ինչպես բերքատվության աճով, այնպես էլ մթերման կազմակերպման ավելի արդյունավետ համակարգով, ինչը նպաստում է գյուղատնտեսական արտադրողների եկամուտների կայունությանը։