Մի քանի օրից Հայաստանում կմեկնարկի Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագրի երկրորդ փուլը։ Այս մասին հայտարարել է ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ նախատեսված աշխատանքների շրջանակում կայանը ժամանակավորապես կդադարեցվի՝ երկարատև վերանորոգման նպատակով։ Ծրագրի իրականացման հիմնական պայմանագիրը կնքվել է ռուսական պետական Ռոսատոմ կորպորացիայի հետ։
Ծրագրի ֆինանսավորման համար հատկացվել է 63,2 միլիարդ դրամի բյուջետային վարկ, որը համարժեք է շուրջ 162 միլիոն դոլարի։
Անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցման հեռանկարներին՝ նախարարը նշել է, որ այն նախատեսվում է իրականացնել մոդուլային սկզբունքով։ Կոնկրետ նախագծի ընտրությունը նախատեսվում է կատարել 2026 թվականին կամ առավելագույնը՝ 2027 թվականի սկզբին։