USD384.47EUR450.83RUB4.8983

Հայկական կոնյակի արտահանման գործընթացը խաթարված է

Ապրիլի կեսերից ի վեր տասնյակ բեռնատարներ՝ լցված հայկական կոնյակով ու գինով, չեն կարողանում անցնել Վրաստանի Գեզի տերմինալը։ Հայ արտադրողները նշում են, որ ապրիլի 18-ին վերցված լաբորատոր նմուշների փորձարկման պատասխանները մինչ օրս չեն տրամադրվել, ինչի հետևանքով ապրանքները մեկ ամսից ավելի սպասում են սահմանին։ Ըստ արտահանողների՝ սա պարզապես տեխնիկական խնդիր չէ, այլ խորքային ու համակարգային խափանում՝ սպառնալիք ամբողջ արտահանման գործընթացին։

Իրավիճակը դժգոհության ալիք է բարձրացրել Երևանում. մայիսի 13-ին և 21-ին տեղի են ունեցել բողոքի ակցիաներ Վրաստանի դեսպանատան առջև։ Արտահանողներն ահազանգում են բազմամիլիոն դոլարների վնասների, պայմանագրային տուգանքների և միջազգային գործընկերների վստահության անկման մասին։ Օրինակ՝ Պռոշյանի կոնյակի գործարանը հաղորդում է, որ ավելի քան 15 բեռնատար օրեր շարունակ կանգնած է տերմինալում, իսկ ընդհանուր առմամբ խնդրին բախվել է առնվազն ութ հայկական ընկերություն։

Հայկական կոնյակի արտահանման մինչև 80%-ը ուղղվում է Ռուսաստանի շուկա, իսկ 2023-2024 թթ․ մատակարարումների ընդհանուր ծավալը գերազանցել է 275 միլիոն դոլարը։ Քանի որ Վրաստանը մնում է միակ հասանելի տարանցիկ միջանցքը Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների պայմաններում, խափանումներն այնտեղ սպառնում են ամբողջ լոգիստիկ շղթային։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հաստատել է խնդրի գոյությունը և տեղեկացրել վրացական կողմի հետ ընթացող բանակցությունների մասին՝ ընդգծելով, որ չի բացառվում իր այցը Թբիլիսի։ Սակայն վրացական իշխանությունները պնդում են, թե գործընթացները ընթանում են ըստ կարգի։

Աճող անորոշության պայմաններում որոշ վերլուծաբաններ խոսում են հնարավոր քաղաքական դրդապատճառների մասին։ Ըստ մի վարկածի՝ ճնշումը կարող է կապված լինել Ռուսաստանի շահերի հետ, հատկապես՝ 2024-ին հնչած քննադատությունից հետո, երբ ռուսական կողմը հայտարարեց, թե հայկական կոնյակը հաճախ չի համապատասխանում խաղողի սպիրտի ստանդարտներին։ Մյուս վարկածը վերագրում է խոչընդոտները վրացական ազդեցիկ բիզնես շրջանակների միջամտությանը։

Արտահանողները պահանջում են իրավիճակի շուտափույթ կարգավորում և տարանցման հստակ ու թափանցիկ գործընթաց՝ նշելով, որ «չպետք է հանրահավաքների միջոցով լուծել տնտեսական խնդիրները, պարզապես ուզում ենք աշխատել»։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ