USD389.76EUR406.4RUB3.79

Թովչանք, թեյ և բիզնես` ՄԱՐՄԱՐԱ

«ArmFintech հարցազրույց»-ի հյուրն է հայկական «Մարմարա» թեյի բրենդի հեղինակ Մարմարա Կարապետյանը.

– Ի՞նչը ոգեշնչեց Մարմարային ստեղծել թեյի բրենդ և թեյերի արտադրություն:

-Վարդը…)

-Այսի՞նք…)

-Քյավառում էի, ծնողներիս տանը: Դուռը թակեցին, բացեց մայրս: Մի երիտասարդ կին էր կանգնած. դիմեց մորս.

-/Բարբառային./Ընձի ասուկ են, որ քո աղջիկը էսա վարդերը կխավնա /ինձ ասել են, որ քո աղջիկն այս վարդերը կհավանի:

Մայրս ներս հրավիրեց այդ ՙՙխորհրդավոր՚՚ հյուրին: Նրա ձեռքում կտորե պարկով  թեյի վարդ էր: Ես զմայլված դրանք փռեցի առջևս, սկսեցի բույրը քաշել և հիանալ:

Հարցնում եմ.

-Ո՞վ է ասել, որ գաք մեր տուն, ո՞վ է ասել, որ ես կհավանեմ: Ես այնքան քիչ եմ Քյավառում լինում, որ գրեթե ոչ ոք չի ճանաչում, արդեն:

Պատասխանում է.

-Ասողը գիդա, ես չեմ գիդա /ասողը գիտի, ես չգիտեմ/:

Պատասխանն անհասկանալի թվաց, նորից հարցրեցի.

-Ուղղակի, հետաքրքիր է, թե ով է, քանի-որ ուզում եմ շնորհակալ լինել, որ Ձեզ ուղարկել են:

-Չեմ կանա ասեմ քուրս, մի խարցնա /չեմ կարող ասել, քույրս, մի հարցրու/:

Այդ առավոտյան արթնացել էի և մտածում էի, որ շատ, մեծ քանակի թեյի վարդեր եմ ուզում տեսնել, զգալ, շոյել, շոշափել, բույրից հարբել: Տխրություն ունեի, որը ոչ մի կերպ չէր հեռանում: Ինձ թվում էր, թե հենց վարդերը կսփոփեն: Չէի սխալվում:

Այդ կնոջ ՙՙմոգական հայտնությունը՚՚ ապշեցրեց՝ առավոտյան իմ ցանկությունից հետո:

֊Ապշեցնո՜ղ է։ Ստացվում է, Դուք լուռ ցանկացաք վարդեր, և այդ անտեղյակ կինը բերեց.

֊Այո։ Եվ այնպիսի չքնաղ վարդեր էին, որ թվում էր` մարդու ձեռք չի դիպչել։ Ինչ֊որ եթերային շուք կար թերթիկների վրա։

Վերցրեցի ամբողջը: Սքանչելի վարդեր էին՝ ԵԴԵՄԱԿԱ՜Ն:

֊Վերցնելու պահին արդեն որոշե՞լ էիք` թեյի արտադրություն հիմնել։

֊Բնավ։ Դեռ չգիտեի, որ թեյերի արտադրության սկիզբ կդառնա: Վերցրեցի, որ վայելեմ: Ինքս, որ երբեք ոչ մի գործ առանց ձեռնոցների չեմ արել, ուղղակի մերկ ձեռքերով դրանք հատիկ-հատիկ մաքրել եմ, փաղաքշել եմ, փռել եմ չորացնելու: Տունը, շքամուտքը՝ ողջ տարածքը վարդի բույրով էր լցված:

Ես օրվա հսկա մասը վարդերի կողքին էի անցկացնում, նայում էի, հրճվում էի: Անբացատրելի էր:

-Եվ ի՞նչն ուղղորդեց թեյի արտադրություն սկսել:

Հայրս, տեսնելով վարդերի շնորհիվ առաջացած ուրախությունս, կեսկատակ ասաց. ՙՙԳենետիկ հիշողությունդ է արթնացել՚՚:

Հետո վերապատմեց ու վերհիշեցինք նախնիներիս պատմությունը, որը հայրական տատիկիս միջոցով հասել էր մեզ. իմ հայրական նախապապերը Արևմտյան Հայաստանից են: Ալաշկերտից և Պոլսից են գաղթել:  Ի դեպ, Պոլսի կողմն ազնվական կոչում է ունեցել, և տատիկիս պապը մեծ գործարար է եղել։ Գործունեության տարբեր ճյուղերի շարքում, ունեցել է, նաև, թեյի վարդի հսկա ցանքատարածքներ, մատակարարել ու արտահանել է թեյագործության, օծանելիքի արտադրության և այլ նպատակներով։

Այս պատմությունը ոգեշնչեց, քանի֊որ նոր գործունեություն էի փնտրում, համընկավ։ Քանի֊որ, ցավոք, այդ ամբողջը և ահռելի կարողություններ իմ նախապապերը ուղղակի թողել ու գաղթել են` շատ հայորդիների պես, ցանկացա մի փոքր մասը վերստեղծել։

– Իսկ ի՞նչու՞մն է ՄԱՐՄԱՐԱ ԹԵՅԵՐԻ առանձնահատկությունը շուկայում:

-Նախ՝ որակը. հումքն ընտրվում է բացառապես Հայկական Լեռնաշխարհի և ծաղկաշխարհի բարձր կարգի բույսերից և ծաղիկներից: Ապա՝ փաթեթավորումը, որը գրավիչ է իր դիզայներական լուծմամբ։ Նաև, վստահորեն կարելի է նվիրել, ընդգրկել հավաքածուների կամ նվեր-փաթեթների մեջ: Ամբողջը մտածված և ընտրված է` ի օգուտ գնորդի: Շշալցվում են միայն հատիկավոր խոշոր տերևները և ծաղիկները: Դրանք չեն աղացվում: Այլ հարց է, եթե չորության և խտության պատճառով տարայի մեջ կփշրվեն, ինչը բնական է:

Գնային ո՞ր սեգմենտին են պատկանում ՄԱՐՄԱՐԱ ԹԵՅԵՐԸ:

-Գնային սեգմենտը՝ միջին և բարձր: Եթե ցանկանում ենք թվարկածս բոլոր չափանիշների սկզբունքայնությունն ապահովել, ապա պետք է շուկայում զբաղեցնենք միջին և բարձր գնային սեգմենտը:

-Արտադրական ի՞նչ պրոցեսս են անցնում ՄԱՐՄԱՐԱ ԹԵՅԵՐԸ:

-Թեև մեր հումքը բարձր կարգ է, միևնույն է, անցնում է ստուգման և մաքրման փուլ, որից հետո գնում է տարայալցման: Ինչ վերաբերում է միքսերին, այսինքն՝ խառնուրդներին, ապա դրանք անցնում են հասունացման փուլ, երբ բոլոր համային և հոտային հատկանիշները միախառնվում են, վերջնական ստուգվում, ապա նոր անցնում փաթեթավորման:

-Ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվում՝ հումք ընտրելիս:

-Մեզ համար կարևոր և առաջնահերթ է, որպեսզի հումքը, այսինքն՝ բույսերը և ծաղիկները, լինեն բացառապես հայկական լեռներից ու դաշտերից հավաքված:

-Ո՞ր տեսակներն են ամենահայտնի կամ կուզեիք առանձնացված նշել:

-Մեր ամենահայտնի տեսակներն են՝ վարդի, ուրցի, դաղձի, երիցուկի, պատրինջի միատարր թեյերը, իսկ խառնուրդներից՝ Դյութիչ Միքս, Ծաղկաքաղ, Կանաչ Մեղեդի, Աստղիկ Դիցուհի և Տիգրան Մեծ տեսակները: Կարծում եմ, խառնուրդների բաղադրությունը թվարկելու կարիք չկա, որպեսզի ամեն թեյասեր ինքն ուսումնասիրի և կատարի ընտրություն:

-Ի՞նչ ծրագրեր ունեք բրենդի զարգացման և նոր հաճախորդներ ներգրավելու հարցում:

-Բրենդի զարգացումն ուղիղ համեմատական է նրա որակը գնորդին մատուցելու ընթացքի հետ: Առանց իրար երկուսն էլ կիսատ են: Ծրագրում ենք ընդգրկվել հնարավորինս շատ առևտրային ցանցերում և վաճառքի համապատասխան կետերում: Ինչպես նաև, արտահանման նոր գործընկերների հետ կապեր ստեղծել:

-Մարմարա, մինչ այժմ Դուք հայտնի էիք Ձեր՝ City ProMotion մարքետինգային ընկերությամբ: Արդյո՞ք թողնում եք այդ գործունեությունը և անցնում թեյերի բիզնեսսին:

-Ոչ, իհարկե, ոչ: City ProMotion-ը կշարունակի իր գործունեությունը ճիշտ այնպես, ինչպես առաջ էր, և նույնիսկ, խանդոտ երեխայի պես, իրեն կսկսի առաջ գցել ու մրցակցել թեյերի հետ /ծիծաղում է/…))

-Հետաքրքիր է, որքանո՞վ են մարքետինգի ոլորտում ունեցած այդ փորձը և գիտելիքները նպաստում ՄԱՐՄԱՐԱ ԹԵՅԵՐԻ բրենդի զարգացմանը:

-Օգնում են արհեստավարժորեն, ինքնաբերաբար: Այսինքն, բոլոր հարցերի պատասխանները հավաքական ունես: Բայց, նաև, բարդացնում են վերջնական  հարցերում որոշում կայացնելը: Օրինակ, մի քանի անգամ միայն լոգոտիպն ենք փոխել, թեև բոլոր տարբերակներից ընտրվեց ամենաառաջինը:

֊Մարմարա՜, Ձեզ օգնե՞լ են, թե ամբողջը միայմակ եք արել։

Միայնակ անհնար է կամ կիսատ։

Օրինակ, իմ լավ ընկեր, դիզայներ, ռեժիսյոր Վահան Գրիգորյանի “կյանքը կերա”, մինչև լոգոտիպը պատրաստեցինք։)) Տարաների ընտրությունն էր երկարատև և փոփոխվող: Շուրջ մեկ տարի միայն արտաքին տեսքի հարցերն ենք լուծել: Մոտ կես տարի էլ հումքի մատակարարներ եմ ընտրել, մինչև գտել եմ ինձ անհրաժեշտ որակն ապահովող դասը: Բայց, առանց իմ լավ ընկերների օգնության, տեղ չէի հասնի։ Ուստի, անչափ շնորհակալ եմ նրանց, և ես նրանց դեռ հանգիստ չեմ թողնելու))

-1.5 տարի միայն արտադրանքը ստանալու վրա է ծախսվել: Բայց, ասում են՝ բիզնեսն արագություն է սիրում:

-Այո, 1.5 տարի: Արագությունը և հապճեպությունը տարբեր բաներ են: Նաև, գործունեությունը, մինչ բիզնես դառնալը, դեռ ինքնաարտահայտման, զտման և հասունացման ճանապարհն է անցնում: Անհրաժեշտ է ցրիվ չտալ էներգիան: Հենց հատեց դեպի բիզնես սահմանը, արդեն ամեն րոպեն հաշիվ է: Ես չեմ սիրում անհիմն ցայտնոտ և աջ ու ձախ իզուր վազվզելը:

֊Ձեր ֆեյսբուքյան էջում նշել էիք, որ մասնակցել եք Դուբայում կայացած Gulfood-2024 մեծ էքսպոյին։ Ի՞նչ նոր լիցք հաղորդեց դա բիզնեսին։

֊Այո, ՄԱՐՄԱՐԱ ԹԵՅԵՐԸ ներկայացված էին Gulfood- 2024 խոշորագույն էքսպոյին։ Առանձնակի ուշադրություն էին գրավում ՄԱՐՄԱՐԱ ԹԵՅԵՐԸ, և ստացել ենք համագործակցության առաջարկներ, և հիմա քննարկման փուլում ենք։

-Եվ, վերջում, ունե՞ք ՄԱՐՄԱՐԱ ԹԵՅԵՐԻ համար ընտրված առաջաբան:

-Այո: Դա ինքնուրույն ստացվեց, երբ բելգիահայ մեր սիրելի գնորդը, հերթական պատվերը տալիս, ասաց հետևյալը, ինչն էլ դարձավ մեր առաջաբանը.

 ՙՙՄԱՐՄԱՐԱ ԹԵՅԵՐԸ դառնում են ապրելակերպ. Լավ ապրելակերպ՚՚:

Հ. Գ. Մարմարա Կարապետյանն ունի, նաև, MARMARA BEAUTY բրենդը` դեմքի խնամքի արտադրության կոսմետիկ միջոցների։

ՄԱՐՄԱՐԱ թեյերը և կոսմետիկան ներկայացված են համանուն կայք֊խանութում` Marmara.am վեբ֊հասցեով, ինչպես նաև Marmara Tea & Beauty ամվամբ ֆեյսբուքյան էջում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ