Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամի վարչական տույժ է կիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ։ Պատճառը՝ ընկերության կողմից արձանագրված տեխնիկական և առևտրային մի շարք խախտումներն են։
Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը երեք մասնաճյուղերում իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ, որի ընթացքում ուսումնասիրվել են սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։
Ըստ զեկույցի՝ արձանագրվել են խախտումներ, մասնավորապես՝
• նախկին մեխանիկական եռաֆազ հաշվիչների ժամանակին չփոխարինումը ավտոմատ գրանցմամբ էլեկտրոնային հաշվիչներով,
• լարման մակարդակի և հզորության գործակցի չգրանցում 30 րոպեանոց միջակայքում,
• սպառված էլեկտրաէներգիայի ծախսի գրանցում ոչ ավտոմատ եղանակով, տեսուչի մասնակցությամբ։
ՀԷՑ-ը չի հերքել խախտումները, ներկայացրել է պարզաբանումներ։ Արդյունքում՝ հանձնաժողովը կիրառել է 10 միլիոն դրամի տուգանք, որը պետք է փոխանցվի պետական բյուջե մեկ ամսվա ընթացքում։
Բացի այդ, հանձնաժողովը պարտավորեցրել է ընկերությանը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ամբողջությամբ վերացնել նմանատիպ խախտումները՝ վերադառնալով կանոնակարգված և սպառողների իրավունքներն ապահովող սպասարկման։