USD381.36EUR449.01RUB4.8711

ՀՀ կառավարությունը հաստատել է 2 տոկոս քեշբեք ArCa քարտերով անկանխիկ գնումների համար

ՀՀ կառավարությունը հաստատել է ArCa ազգային վճարային համակարգի քարտերով կատարվող անկանխիկ գնումների խթանման ծրագիրը, որի շրջանակում քարտատերերին կտրամադրվի 2 տոկոս քեշբեք։

Քեշբեքը կգործի 1000 դրամից ավելի արժեք ունեցող անկանխիկ գնումների դեպքում։ Մեկ գործարքի համար վերադարձվող գումարի առավելագույն չափը սահմանվել է 6000 դրամ, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ մինչև 60,000 դրամ։

Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի համատեղ՝ 50 տոկոսը պետական բյուջեից, 50 տոկոսը՝ ArCa վճարային համակարգի կողմից։ ArCa ընկերության հիմնադիրներն են ՀՀ Կենտրոնական բանկը և երկրի առևտրային բանկերի մեծ մասը, որոնք նաև մասնակցում են համակարգի գործունեության ֆինանսավորմանը։

Քեշբեք ծրագրի առաջին փուլը նախատեսված է մեկ տարվա համար։ Վճարումները կմեկնարկեն 2026 թվականի փետրվարին՝ հունվար ամսվա գնումների արդյունքների հիման վրա, և կշարունակվեն մինչև 2027 թվականի հունվար՝ դեկտեմբերի արդյունքների հաշվարկով։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.5 միլիարդ դրամ։ Կառավարության որոշմամբ՝ եթե նշված բյուջեն տարվա ընթացքում սպառվի, քեշբեքի ֆինանսավորումը կշարունակվի բացառապես պետական միջոցներով։

Նախաձեռնության հիմնական նպատակներն են անկանխիկ վճարումների ծավալի աճը, օրինական շրջանառության ընդլայնումը և ազգային վճարային քարտերի կիրառման խթանումը։ Նշվում է, որ ներկայումս ArCa քարտերը տարածվածությամբ զիջում են միջազգային վճարային համակարգերին։

Միևնույն ժամանակ, ծրագիրը չի տարածվելու արտասահմանյան հարթակներում իրականացվող առցանց գնումների վրա։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ