Հայաստանի Հանրապետությունում քրեական վերաքննիչ բողոքներն առավելապես կքննվեն գրավոր ընթացակարգով: Այս փոփոխությունն ամրագրված է «Քրեական դատավարության» ՀՀ օրենսգիրքում, որն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշեց, որ ընդհանուր կանոնով վերաքննիչ բողոքները պետք է դիտարկվեն գրավոր, սակայն կլինեն բացառություններ, երբ անհրաժեշտ կլինի անցկացնել բանավոր քննություն: Այդ դեպքում դատարանը պետք է հիմնավորի նման ընտրությունն ու շեղման պատճառները։
«Այս փոփոխությունն ուղղված է դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանն ու բողոքների առավել արդյունավետ քննությանը»,– ասաց նախարարը։
Գալյանի խոսքով, վերաքննիչ քննությունը պետք է տևի առավելագույնը 6 ամիս, ինչը դատարանի պատճառաբանված որոշման դեպքում կարող է մեկ անգամ երկարաձգվել ևս 4 ամսով։
Եթե գործի քննությունն ընդհանուր առմամբ գերազանցի 10 ամիսը, դա չի ազդի դատավարության վրա, սակայն դատավորի նկատմամբ կարող են կարգապահական միջոցառումներ կիրառվել։