Apple Inc. ընկերությունը այս տարի առաջին անգամա ծրագրում է Հնդկաստանում թողարկել iPhone Pro և Pro Max ամենաթարկարժեք մոդելները, ինչը նշանակալի քայլ է ամերիկյան տեխնոլոգիական հսկայի և ասիական երկրի արտադրական հատվածի համար, հայտնում է Bloomberg-ը։
Առանցքային գործընկեր Foxconn Technology Group-ը նոր սարքերի հավաքումը կսկսի այս աշնանը՝ դրանց մասին հայտարարությունից հետո մի քանի շաբաթվա ընթացքում։ Ընկերությունը սկսել է հազարավոր աշխատողների վերապատրաստել հարավային Թամիլնադ նահանգում գտնվող իր գործարանում՝ ձգտելով հասցնել iPhone 16 Pro-ի և Pro Max-ի արտադրության մեկնարկը դրանց համաշխարհային դեբյուտին հնարավորինս մոտ ժամանակում:
Հնդկաստանում Apple-ի iPhone-ի ամբողջ շարքի արտադրությունը կարևոր միտում է ամերիկյան տեխնոլոգիական հսկայի զարգացման գործում, որը սկսել է թափ հավաքել 2021 թվականին՝ շնորհիվ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կողմից բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ֆինանսական խթանման:
Apple-ը iPhone-ների մեծ մասը դեռևս Չինաստանում է արտադրում, սակայն աստիճանաբար դուրս է գալիս այս երկրի սահմաններից՝ նվազեցնելու Պեկինի և Վաշինգտոնի միջև լարվածության հետ կապված ռիսկերը:
Այս ջանքերի արդյունքում Apple-ը Հնդկաստանում վերջին ֆինանսական տարում 14 միլիարդ դոլարի iPhone է հավաքել, ինչը կազմում է համաշխարհային արտադրության ծավալի 14%-ը:
Apple-ը հնդկական արտադրության Pro և Pro Max սարքերի մեծ մասը կարտահանի Եվրոպա, Մերձավոր Արևելք և ԱՄՆ, քանի որ ավելի թանկ տարբերակների պահանջարկը Հնդկաստանում մեծ չէ, թեև առաջիկա տոնական սեզոնը կարող է ավելացնել վաճառքի ծավալները: