Հնդկական India Ports Global Limited (IPGL) պետական ընկերությունը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգիստը վերակահավորելու և շահագործելու համար:
Երկուշաբթի Չաբահարի Շահիդ Բեհեշթի նավահանգստի ընդհանուր բեռների և կոնտեյներային տերմինալների վերազինման և շահագործման պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ IPGL-ն իրանական կողմի հետ նաև համագործակցության համաձայնագիր է ստորագրել։ Համաձայնագիրը ստորագրվել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշի և Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալի ներկայությամբ։
Համաձայնագրի ստորագրումը շրջադարձային կետ է Իրանի և Հնդկաստանի միջև երկկողմ և տարածաշրջանային առևտրատնտեսական համագործակցության, ինչպես նաև երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության դյուրացման մեջ: Հնդկաստանն ակնկալում է, որ նախագիծը կբարելավի իր կապը հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հետ, որը մշակվում է Իրանի և Ռուսաստանի հետ, ինչպես նաև կբարելավի առևտրային կապերը Կենտրոնական Ասիայի հետ: