Վերջին օրերին Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի թիվը որոշակի աճ է գրանցել։ Այս մասին հաղորդել է Al Jazeeraն՝ հղում անելով ծովային մոնիթորինգի տվյալներին։
Ըստ աղբյուրի՝ Իրանը թույլատրում է սահմանափակ թվով առևտրային նավերի անցում նեղուցով, սակայն վերջին օրերին այդ թիվը գրեթե կրկնապատկվել է։ Ընդ որում, խոսքը չի վերաբերում Իրանի դրոշի ներքո գործող նավերին։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ Արևմտյան երկրների հետ առնչություն ունեցող նավերը շարունակում են խուսափել այս երթուղուց՝ փոխելով իրենց ուղիները։ Մասնավորապես, Սաուդյան Արաբիան մատակարարումների մի մասը տեղափոխել է Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու էլ Բահր նավահանգիստ, Արաբական Միացյալ Էմիրությունները օգտագործում է Էլ Ֆուջեյր նավահանգիստը, իսկ Իրաքը նախատեսում է նավթի արտահանումն իրականացնել դեպի Թուրքիա տանող խողովակաշարով։
Միաժամանակ, Չինաստանի, Հնդկաստանի և Իրանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող այլ երկրների նավերին շարունակվում է թույլատրվել մուտք գործել Իրանի տարածքային ջրեր։
Bloombergի տվյալներով՝ Իրանը շարունակում է նավթի մատակարարումները նեղուցով՝ գրեթե պահպանելով հակամարտությունից առաջ եղած ծավալները։ Նավթի բեռնումը շարունակվում է Խարգ կղզիում, որտեղ, ըստ հաղորդագրությունների, ԱՄՆ զինված ուժերի հարվածները չեն թիրախավորել նավթային ենթակառուցվածքները։ Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ շաբաթվա վերջին կղզու նավթային տերմինալում կանգ է առել երեք նավ։