Հուլիսի 8-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2018-2034 թթ. ներդրումային ծրագրի 2025 թվականի մասով փոփոխությունները։
ՀԷՑ-ը առաջարկել էր 2025 թվականի ներդրումային ծախսերն ավելացնել մինչև 53.98 մլրդ դրամ (նախկին՝ 47.6 մլրդ դրամ), սակայն Հանձնաժողովը մերժել է՝ պատճառաբանելով հետևյալը.
• Էլեկտրամատակարարման որակի վատթարացում.
Ըստ հանձնաժողովի, ծրագիրը կհանգեցնի պլանային անջատումների ավելացման, համակարգի հուսալիության ցուցանիշների (SAIDI, SAIFI) էական վատթարացման, ինչը հակասում է սպառողներին որակյալ ծառայություններ տրամադրելու սկզբունքին։
• Ֆինանսական ռիսկեր.
Բարձր ներդրումային ծախսերը կգերազանցեն սահմանված ֆինանսական շեմերը՝ հանգեցնելով ընկերության համար սակագնային եկամտի վերականգնման ուշացման և ֆինանսական դժվարությունների:
Հանձնաժողովը շեշտել է՝ չի կարող ընդունել ծրագիրը, որը կվատթարացնի ծառայության որակը և ֆինանսական կայունությունը՝ սպառողների շահերի հաշվին։
Որոշումն ընդունվել է 3 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։
Ըստ ՀԾԿՀ-ի՝ ծրագիրը սպառնում էր էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիությանը և կայունությանը։