Հունական «SKY express» ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Աթենք-Երևան-Աթենք երթուղով։ Աթենքի միջազգային օդանավակայանից դեպի Զվարթնոց միջազգային օդանավակայան չվերթերն իրականացվում են շաբաթական երեք անգամ՝ ամեն չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն այս կապակցությամբ ասել է.
«Շնորհավորում ենք մեր գործընկերներին: Դեպի Աթենք ևս մեկ երթուղու շահագործումը ողջունելի հավելում է Հայաստանի և Հունաստանի միջև աճող կապերի համար՝ առաջարկելով ճանապարհորդության այլընտրանքային տարբերակներ: Հուսով եմ սա մեր երկարամյա համագործակցության սկիզբն է ու ականատես կլինենք ավելի շատ նոր ուղղությունների բացմանը»:
«SKY express» ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Գերասիմոս Սկալտսասն ասել է.
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ավելացել է SKY express միջազգային ցանցին: Այս նոր երթուղին, ուղիղ թռիչքներով դեպի Հայաստանի մայրաքաղաք, ոչ միայն բավարարում է դեպի Երևան ճամփորդելու աճող պահանջարկը, այլ նաև խթանում է ավելի սերտ կապեր Հունաստանի և Հայաստանի միջև: Կամրջելով մեր երկու երկրները՝ մենք նպատակ ունենք ամրապնդել մշակութային և տնտեսական հարաբերությունները՝ հրավիրելով Հայաստանից ժամանած ճանապարհորդներին բացահայտելու Հունաստանի հարուստ ժառանգությունն ու գեղեցկությունը «SKY express» խոշորագույն ներքին ցանցով, որն Աթենքի միջոցով կապվում է ընդլայնվող միջազգային ցանցին: Մենք շարունակաբար ձգտում ենք կատարելագործել մեր ծառայությունները՝ մեր բոլոր ուղևորներին պարգևելով եզակի և հիշարժան ճանապարհորդություն»:
Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպան Խրիստոս Սոֆյանոպուլոսը, ով նույնպես ներկա էր միջոցառմանը, ասել է.
«Ջերմորեն ողջունում ենք Երևանի և Աթենքի միջև այս պաշտոնական բացումը։ Համոզված ենք, որ այն մերձեցնելու է երկու երկրներին և ամրապնդելու է նրանց միջև կապերը։ Նաև վստահ ենք, որ այն կխթանի առևտրի հնարավորությունները, զբոսաշրջությունը և մարդկանց միջև հարաբերություններն այս երկու արդեն շատ բարեկամ ժողովուրդների միջև: Հուսով ենք, որ սա նաև հնարավորություն կտա ավելի շատ հույների այցելել այստեղ որպես զբոսաշրջիկներ՝ վայելելու Հայաստանի գեղեցկությունը և նրա ընդլայնվող զբոսաշրջությունը: Կարող ենք նաև Երևանի և Աթենքի օդանավակայանները դարձնել ճանապարհորդական հանգույցներ (հաբ)՝ այլ ուղղություններով թռիչքներ կապելու համար. դեպի Եվրոպա, Ասիա և այլ մասեր»:
«SKY Express» ավիաընկերությունը շահագործում է Հունաստանի 33 ուղղություններից բաղկացած ամենամեծ ցանցը և 22 ուղղությունների ընդլայնվող միջազգային ցանցը:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար անհրաժեշտ է այցելել ավիաընկերության կայք՝ skyexpress.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: