Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հերթական հողամասը վերադարձվել է համայնքին՝ Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով դադարեցնել Իջևան համայնքի Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի կառուցապատման իրավունքը։
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի նոյեմբերի 1-ի վճռով բավարարել է հայցը՝ դադարեցնելով նշված հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը։ Վճիռը մտել է օրինական ուժի մեջ, ինչի հիման վրա Կադաստրի կոմիտեն 2025 թվականի դեկտեմբերի 29-ին դադարեցրել է հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի իրավունքը, և այն վերադարձվել է Իջևան համայնքին։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ընդհանուր առմամբ ներկայացվել է 16 հայց՝ Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող տարբեր հողամասերի կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու նպատակով։
Դատախազական ներգործության արդյունքում համայնքին արդեն վերադարձվել են քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող մի շարք հողամասեր՝ Թատերական, Անկախության և Վալանսի փողոցներում, ինչպես նաև շատրվաններին հարակից 0.03 հա մակերեսով տարածք։
Դատախազությունը հայտնում է, որ պետական և համայնքային շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքները շարունակական են։