– Բարև Ձեզ, տիկի՛ն Ֆանարջյան։ Ինչպես գիտենք,վերջին օրենսդրական փոփոխություններով՝ 2025 թվականի հուլիսի 1-ից հաշտարարությունը կոնկրետ գործերով դարձավ պարտադիր։ Հաշվի առնելով, որ թեմայի վերաբերյալ հնչում են բազմաթիվ հարցեր, ինչպես նաև այն փաստը, որ հանրության շրջանում իրազեկվածության պակաս է զգացվում, ցանկացանք, որ մի քանի հարցերի միջոցով պարզաբանեք և թերևս, հաշտարարության էությունը հասարակության համարավելի մատչելի դարձնեք։
– Բարև Ձեզ, իհարկե՝ սիրով։
– Թերևս սկսենք ամենասկզբից․ ի՞նչ է պարտադիր հաշտարարությունը, և ո՞վ է հաշտարարը։
– Պարտադիր հաշտարարությունը օրենքով սահմանված՝ որոշակի վեճերով դատարան դիմելու իրավունքի իրացման նախապայման է, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը, իսկ որ ամենակարևորն է՝ արտոնագրված հաշտարարի օժանդակությամբ վեճը լուծել արագ, փոխըմբռնման մթնոլորտում: Հաշտարարն անկախ, անկողմնակալ, գործի ելքով շահագրգռվածություն չունեցող ֆիզիկական անձ է, որն իրականացնում է հաշտարարություն՝ կողմերի միջև առկա վեճը հաշտությամբ լուծելու նպատակով: Հաշտարարությունն իրականացվում է կամավորության, գաղտնիության, կողմերի հավասարության, հաշտարարի անկախության և անկողմնակալության սկզբունքների հիման վրա:
– Կա՞ արդյոք տարբերություն հաշտարարության և պարտադիր հաշտարարության միջև։
– Այո։ Օրենքով ամրագրված է պարտադիր հաշտարարության երկու տեսակ։ Առաջինը այն իրավիճակն է, երբ կողմերը նախապես իրենց մեջ կնքած համաձայնագրով կամ պայմանագրով ամրագրել են, որ վեճերը լուծելու են հաշտարարության միջոցով, եթե այն չկայանա նոր կդիմեն դատարան, մյուսը դա օրենքով նախատեսված ամուսնաընտանեկան որոշ գործերն են, որոնցով օրենսդիրը նախատեսեց, որհաշտարարության փուլը այսուհետ կլինի պարտադիր փուլ նախքան դատարան դիմելը։
– Որո՞նք են այն վեճերը, որոնցով նախքան դատարան դիմելը հաշտարարությունը պարտադիր է և խնդրում ենք բացատրել՝ ինչ հետևանքներ կարող է առաջացնել այս օրենքին չհետևելը։
– Նախքան դատարան դիմելը հաշտարարությունը պարտադիր է ամուսնաընտանեկան որոշ գործերով, որոնք են ամուսնալուծությունը, երեխայի բնակության վայրի որոշումը, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականություն համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփման, դաստիարակության ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալգործերը։ Ինչ վերաբերում է պարտադիր հաշտարարությանը չմասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն, ապա պետք է նշեմ, որ նախ ամբողջ իմաստը հենց այն է, որ այս գործերով այն պարտադիր բնույթ է կրում, այսինքն այլևս կամավորություն չի ենթադրում, այնուամենայնիվ, եթե կողմերից մեկը հրաժարվում է կամ առանց հարգելի պատճառների խուսափում է, ապա հաշտարարությունը ավարտվում է, կազմվում է ավարտման վերաբերյալ արձանագրություն, որն է հիմք է հետագայում նույն վեճով դատարան դիմելու համար։
– Ինչպե՞ս է սկսվում պարտադիր հաշտարարության գործընթացը։ Ինչպե՞ս դիմել հաշտարարության։
– Ինչպես արդեն վերևում նշեցինք առաջին տարբերակը այն, երբ կողմերը նախօրոք ունեն ընտրած հաշտարար և միանգամից դիմում են նրան։ Երկրորդտարբերակի դեպքում, երբ հաշտարարի թեկնածության վերաբերյալ չկա միասնական դիրքորոշում, կողմերից մեկը կարող է դիմել Արդարադատության նախարարությանը, որպեսզի համակարգը ինքնիշխատ կերպով ընտրի հաշտարարին և երրորդ տարբերակը Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնին դիմում ներկայացնելն է որպեսզի մարմինը ինքը նշանակի տվյալ գործով զբաղվող հաշտարարին։Հաշտարարին ընտրելուց հետո կողմերը պետք է վստահլինեն, որ տվյալ հաշտարարը իրենց վեճով մասնագիտացված է։ Մշտապես գործող մասնագիտացված հաշտարարության ինստիտուտները ունեն իրենց կանոնակարգերը, որոնց կարելի է նախապես ծանոթանալ՝ հասկանալու, թե որքանով են ընդունելի տվյալ կողմերի համար, և միայն դրանից հետո դիմել հաշտարարի նշանակման համար։
– Տիկի՛ն Ֆանարջյան Ձեր կարծիքով՝ ինչու՞ օրենսդիրը քայլ առ քայլ եկավ այս օրենսդրական փոփոխությունը, որո՞նք են պարտադիր հաշտարության առավելությունները՝ համեմատած իրավունքների դատական պաշտպանության հետ։
– Շատ տեղին հարց եք տալիս, անշուշտ հաշտարարության առավելությունները շատ են․հաշտարարությունը նախ իր ընթացակարգով շատ արագ է, այն չի տևում մի քանի ամսից ավել, այդպես է նաև միջազգային պրակտիկայում, տարբեր երկրներում ընդունված է հաշտարարության 7 + 5 ժամ սկզբունքը, որը հիմնականում բերում է ցանկալի արդյունքին։ Նմանատիպ է նաև գործընթացը մեզ մոտ, այն իրենից ներկայացնում է որոշակի ժամանակահատված, որի շրջանակներում կողմերը պետք է փորձեն երկուստեք ընդունելի որոշման հասնել։ Մյուս կողմից առավելություն է նաև այն, որ հաշտարարները ի տարբերություն դատավորների իրավունք ունեն կողմերի հետ աշխատել առանձին-առանձին տեսակցումների, զրույցների միջոցով, որոնց ժամանակ կողմերը առավել ազատ են վկայակոչելու ցանկացած փաստ, ավելի անկեղծ են կիսվելու, հայտնելու իրենց անհանգստությունները գործընթացի հետ կապված, ներկայացնել իրենց սպասելիքները, որոնք իհարկե օգնում են գործընթացի առավել ճիշտ և արագ կազմակերպմանը Ժամանակահատվածի հետ կապված ևս մեկ բան՝դրանով է պայմանավորված նաև հաշտարարի վարձատրության գումարը, վերջինս սահմանված է ՀՀ Կառավարության որոշմամբ։ Այսպես՝
1. պարտադիր հաշտարարությամբ գործերով մինչև 1ժամ տևողությամբ հաշտարարության համար հաշտարարության գումարը կազմում է 10,000 դրամ, իսկ
2. մեկ ժամը գերազանցող յուրաքանչյուր 30 րոպեի համար՝ ևս 5000 դրամ:
Որոշակի դեպքերում վարձատրության չափը իհարկեկարող է տարբեր լինել։
– Ո՞րն է հաշտարարի դերը այս փուլում։ Արդյո՞ք վերջինս իր դերով նույնանում է դատավորի հետ։
– Ճիշտ եք նկատել, հաճախ բախվում ենք այնպիսի իրավիճակների, երբ կողմերը հաշտարարի և դատավորի դերերը նույնացնում են, սակայն պարզից էլ պարզ է, որ դա բոլորովին այդպես չէ։ Հասարակության անդամներին պարզապես պետք է ևս մեկ անգամբացատրել, որ արտոնագրված հաշտարարը լիովին առանձին դերակատար է։ Նախևառաջ, հաշտարար դառնալու համար անհրաժեշտ է համապատասխանել մի շարք պահանջների՝ ունենալ բարձրագույն կրթություն, լինել առնվազն 25 տարեկան, անցնել մասնագիտական դասընթացներ և ստանալ արտոնագիր։ Այս համատեքստում հաճախ հնչող հարցերից մեկն էլ այն է, թե արդյո՞ք հաշտարարը պետք է լինի իրավաբան կամ հոգեբան։ Պատասխանը՝ ոչ։Օրենքը նման պահանջ չի դնում։ Սակայն ակնհայտ է, որ հաշտարարը պետք է լինի հաղորդակցման, մարդկանց հետ աշխատելու, կոնֆլիկտների հաղթահարման ունակություններով օժտված անձ։ Օրենսդիրը հենց դրա համար է կարևորում հմտությունների ձեռքբերումը համապատասխան վերապատրաստման միջոցով։
– Չե՞ք կարծում, որ մարդկանց մոտ պարտադիր հաշտարարության հանդեպ անվստահություն կլինի, չէ՞որ մեր հասարակության մեջ ավանդաբար որպես վեճերի լուծման միակ միջոց հանդիսացել է դատարանը։
– Հայաստանում, իհարկե, այս առումով դեռ խնդիրներ կան, որոնք, իմ կարծիքով, պայմանավորված են հաշտարարական ինստիտուտների սակավությամբ և դրանց՝ որպես գործընթացի լիարժեք բաղադրիչի՝ լայնորեն չտեղայնացմամբ։ Միջազգային փորձն ամբողջությամբ հակառակ պատկերն է ցույց տալիս։ Շատ երկրներում հաշտարարական հաստատությունները լիարժեք զարգացած են, վայելում են բարձր հեղինակություն՝ որպես վեճերի լուծման արդյունավետ և մարդակենտրոն այլընտրանք, և մարդիկ գրեթե չեն պատկերացնում իրենց խնդիրների լուծումը առանց դրանց ներգրավման։ Մեզ մոտ առկա անվստահությունն ավելի շատ դրսևորվում է ոչ թե ինստիտուտի, այլ հենց հաշտարարների՝ որպես անհատների հանդեպ։ Հաճախ հասարակության անդամները հաշտարարի որոշումը դիտարկում են որպես կողմնակալ կամ ոչ բավարար հիմնավորված։ Սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ Այս տեսանկյունից մենք դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու։ Անհրաժեշտ է հնարավորինս օգտագործել հանրային իրազեկման բոլոր մեխանիզմները՝ բացատրելու համար, թե ինչ է պարտադիր հաշտարարությունը, ինչ կարևոր դեր ունի հաշտարարը, և ինչ առավելություններ ունի այս համակարգը: Կարծում եմ՝ այս գործընթացում առանցքային դեր ունեն թե՛ փաստաբանները, թե՛ դատարանները, և հատկապես՝ պետությունը։ Իսկ արտոնագրված հաշտարարներն իրենց հերթին պետք է անընդհատ զարգանան՝ պարբերաբար մասնակցեն վերապատրաստման դասընթացների, ցուցաբերեն բարձր մասնագիտական վարքագիծ ու անաչառություն։ Միայն այդպես՝ ժամանակի ընթացքում, հնարավոր կլինի աստիճանաբար շահել հասարակության վստահությունը այս նոր, բայց խոստումնալից մեխանիզմի նկատմամբ։
– Տիկի՛ն Ֆանարջյան, շատերը շփոթում են «հաշտարարություն» և «արբիտրաժ» հասկացությունները՝ կարծելով, թե երկուսնն էլ նույնբանն են։ Կարո՞ղ եք պարզաբանել՝ ո՞րն է դրանց հիմնական տարբերությունը, և ինչու է կարևոր այդ տարբերությունը հասկանալ, հատկապես պարտադիր հաշտարարության համատեքստում։
– Այո, նման շփոթմունք կա, և դա շատ բնական է, որովհետև երկու դեպքում էլ խոսքը գնում է վեճերի լուծման՝ դատարանից դուրս ընթացակարգերի մասին։ Բայց իրականում տարբերություններն էական են։ Հաշտարարությունը մի գործընթաց է, որտեղ կողմերը փորձում են հասնել փոխադարձ ընդունելի լուծման՝ հաշտարարի օգնությամբ։ Հաշտարարը չի կայացնում որոշում, նա ուղղակի օգնում է կողմերին միմյանց լսել, հասկանալ ու համաձայնության գալ։ Վերջնական որոշումը կողմերն են կայացնում, ոչ թե հաշտարարը։ Իսկ արբիտրաժը ավելի շատ հիշեցնում է դատական գործընթաց․ այստեղ արդեն արբիտրը լսում է կողմերի փաստարկները և կայացնում պարտադիր ուժ ունեցող որոշում, որը շատ դեպքերում ունի նույն իրավական հետևանքները, ինչ դատարանի վճիռը։
– Եվ վերջին հարցը՝ ե՞րբ է ավարտվում պարտադիր հաշտարարությունը։
– Պարտադիր հաշտարարության գործընթացը ավարտվում է, երբ կողմերի միջև կնքվում է վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ համաձայնություն կամ որոշակի հիմքերի առկայության պարագայում կազմվում է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրություն։
– Որպես եզրափակում՝ ի՞նչ կցանկանայիք փոխանցել ընթերցողին։
– Կցանկանայի շեշտել, որ հաշտարարի աշխատանքը շատ բարդ և պատասխանատու գործունեություն է։ Այն պահանջում է ոչ միայն բարձր մասնագիտական գիտելիքներ և հաղորդակցման հմտություններ, այլև ամուր նյարդեր, համբերատարություն, մեծ նվիրվածություն և իրական ցանկություն՝ օգնելու մարդկանց դուրս գալ բարդ և երբեմն էմոցիոնալ իրավիճակներից։ Մյուս կողմից՝ սա նոր իրավական մշակույթ է մեր երկրում։ Ես լիահույս եմ, որ ժամանակի ընթացքում այն կայանալու է, դառնալու է ընդունված և կիրառվող գործիք, որը կնպաստի ինչպես վեճերի արդյունավետ լուծմանը, այնպես էլ՝ հասարակության մեջ փոխըմբռնման և հանդուրժողականության ամրապնդմանը։