Վերջին շրջանում նկատվում է խարդախությունների աճ, որոնք ուղղված են iPhone-ի օգտատերերին։ Մասնավորապես, Telegram հարթակում գործում են մի շարք մեխանիզմներ, որոնց միջոցով խաբեբաները կարողանում են լիարժեք վերահսկողություն սահմանել օգտատերերի սարքերի նկատմամբ։
Մեդիափորձագետ Արթուր Պապյանի խոսքով՝ խարդախներն օգտատիրոջ վստահությունը շահելուց հետո համոզում են նրան մուտք գործել իրենց տրամադրած Apple ID-ով, ինչից հետո արգելափակում են սարքը և պահանջում փրկագին։ Այս սխեմաներով ոչ միայն սարքն է դառնում անհասանելի, այլ նաև վտանգվում են անձնական տվյալները։
Գործող խաբեության սխեմաներ
1․ Սիրային ծուղակ
Խաբեբան կապվում է Telegram-ում, ձևացնում ռոմանտիկ հետաքրքրվածություն և վստահություն ձեռք բերելուց հետո խնդրում է մուտք գործել իր Apple ID-ով՝ իբր կորցրած սարքից տվյալներ վերականգնելու համար։ Օգտատերը մուտք է գործում՝ չգիտակցելով, որ հենց այդ պահից իր սարքն արդեն վերահսկվում է ուրիշի կողմից։
2․ Կեղծ աշխատանքի առաջարկ
Խարդախները ներկայանում են որպես աշխատանքի մենեջերներ և հեռակա աշխատանքի առաջարկ ներկայացնում։ Ասում են, թե պետք է ժամանակավորապես մուտք գործել հատուկ iCloud հաշվով՝ հավելվածների թեստավորման համար։ Սա ևս հանգեցնում է սարքի արգելափակման։
3․ Խաղերի անվճար բովանդակություն՝ երեխաների թիրախավորում
Խաբեբաները երեխաներին խոստանում են անվճար խաղեր, մոդեր կամ այլ բոնուսներ՝ խնդրելով մուտք գործել iCloud հաշիվ։ Երեխաները հաճախ համաձայնվում են՝ չգիտակցելով հետևանքները։
Ինչպես պաշտպանվել
• Երբեք մի մուտքագրեք այլ մարդու Apple ID ձեր սարքում։ Ձեր սարքն ամուր կապված է ձեր անձնական հաշվի հետ։
• Զրուցեք երեխաների հետ։ Բացատրեք առցանց անվտանգության կանոնները և սովորեցրեք կասկածանքով մոտենալ անծանոթ առաջարկներին։
• Անտեսեք կասկածելի հաղորդագրություններն ու առաջարկները Telegram-ում։
Եթե արդեն խաբվել եք
• Դիմեք միայն Apple Support-ին։ Սա միակ պաշտոնական ճանապարհն է ձեր սարքի վերահսկողությունը վերականգնելու համար։
• Պատրաստ եղեք ներկայացնել գնումն ապացուցող փաստաթղթեր։Գործընթացը կարող է տևել մինչև մեկ ամիս։
• Մի՛ փոխանցեք փրկագին։ Պապյանի խոսքով՝ որևէ անգամ հնարավոր չի եղել սարքն ապաարգելափակել խաբեբայի հետ բանակցելով։
«Միշտ զգոն եղեք առցանց միջավայրում։ Ձեր անվտանգությունը՝ ձեր պատասխանատվությունն է։ Կիսվեք այս տեղեկատվությամբ, որպեսզի ձեր շրջապատն էլ խուսափի վտանգից»,- ընդգծել է Արթուր Պապյանը։