USD377EUR444.78RUB4.8809

Իտալիայի «Սիրո կամարը» փլուզվել է Սուրբ Վալենտինի գիշերը

Իտալիայի հարավում՝ Պուլիա մարզի Մելենդունյո ափին գտնվող Torre Sant’Andrea-ի հայտնի ժայռային կամարը, որը հայտնի էր որպես «Սիրո կամար», փլուզվել է փետրվարի 14-ի՝ Սուրբ Վալենտինի գիշերը։

Մի քանի օր շարունակված ուժեղ անձրևներն ու քամիները հանգեցրել են ժայռի կործանմանը։ Կամարի «կամրջային» հատվածից այժմ մնացել է միայն քարերի կույտ։

Տարիներ շարունակ տեղացիներն ու զբոսաշրջիկները այս վայրը համարել են «սիրո խորհրդանիշ»։ Ըստ տարածված լեգենդի՝ մի երիտասարդ զույգ, որը համբուրվում էր կամարի տակ, հանկարծակի բարձրացած ալիքից խորտակվել և մահացել էր։ Դրանից հետո տարածվել էր հավատալիք, թե եթե սիրահարները միասին լողան կամարի տակով, նրանց սերը կլինի հավերժ։

Վերջին շաբաթներին Իտալիայի հարավային և կենտրոնական շրջանները տուժել են ծայրահեղ եղանակային պայմաններից՝ հեղեղումներ, կարկուտ, կայծակ և ուժեղ քամիներ։ Թեև ծովի էրոզիան մշտապես փոխել է տարածաշրջանի ափագիծը, մասնագետները չեն բացառում, որ այս անգամ անբարենպաստ եղանակը զգալիորեն արագացրել է փլուզման գործընթացը։

«Սիրո կամարը» տարիներ շարունակ համարվում էր վտանգավոր կառույց, և դեռ 2014 թվականից շրջակայքի որոշ հատվածներ փակ էին այցելուների համար։ Այժմ զբոսաշրջիկները կարող են միայն հեռվից դիտել նախկին խորհրդանիշի մնացորդները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ