USD377.16EUR432.19RUB4.6283

Իտալիայում թանգարանից գողացել են հայտնի նկարիչների գործեր

Իտալիայում՝ Պարմայի մերձակայքում գտնվող Magnani-Rocca Foundation մասնավոր թանգարանից գողացել են ֆրանսիացի իմպրեսիոնիստների և ֆովիստների մի շարք արժեքավոր կտավներ։

Գողացված աշխատանքների թվում են Պիեռ Օգյուստ Ռենուարի «Ձկներ», Պոլ Սեզանի «Նատյուրմորտ բալով» և Անրի Մատիսի «Օդալիսկա պատշգամբում» նկարները։ Կտավների ընդհանուր արժեքը գնահատվում է մի քանի միլիոն եվրո։

Դեպքը տեղի է ունեցել մարտի 22-ի լույս 23-ի գիշերը։ Ոստիկանության տվյալներով՝ հանցագործները եղել են չորս հոգի։ Դիմակավորված անձինք կոտրել են մուտքի դուռը, ներխուժել առաջին հարկի ցուցասրահ և թանգարանի այգու միջով հեռացել՝ իրենց հետ տանելով գլուխգործոցները։

Իրավապահների գնահատմամբ՝ գործողությունը եղել է լավ կազմակերպված և տևել է երեք րոպեից էլ պակաս։ Ըստ իտալական լրատվամիջոցների՝ միացած ահազանգը, հավանաբար, ստիպել է հանցագործներին շտապել, ինչի հետևանքով նախատեսված չորրորդ կտավը մնացել է թանգարանում։

Ներկայումս ոստիկանությունը ուսումնասիրում է տեսահսկման համակարգերի ձայնագրությունները՝ հանցագործներին հայտնաբերելու նպատակով։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ