Աշխարհի 30 երկրի 150 մասնակից և խորհրդատու հոկտեմբերի 7-11-ը Հայաստանում մեկ հարկի տակ համախմբվել էին «Թվային հորիզոններ. Միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» խորագրով գործարար խորհրդատվության միջազգային ամենահեղինակավոր CMC համաժողովի շրջանակում։
Խորհրդատվական և գործարար համայնքի նշանակալի իրադարձության նախաձեռնողն էր Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը։
Թվային դարաշրջանում կարևոր այս ոլորտի նորամուծությունները և առաջնահերթությունները քննարկելու նպատակով մեկտեղված առաջատար մասնագետների թվում էր նաև համաժողովի հովանավոր և ֆինանսական գործընկեր Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։
Բիզնես միջավայրում ժամանակի թվային լուծումներին համընթաց քայլելուն նվիրված պանելային քննարկմանը Արտյոմ Ղազարյանը ներկայացրեց Telcell-ի՝ թվայնացմանն ուղղված կարևորագույն և հավակնոտ նախագծերը՝ Միասնական տոմսային համակարգը ու IPO-ն (Initial Public Offering- բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկ), որոնք վերափոխում են մշակույթը։
Երկիր ժամանածների թվում էին այնպիսի հեղինակավոր մասնագետներ, ինչպիսիք են ITC-ի Առևտրի կայուն զարգացման բաժնի ղեկավար Ջոզեֆ Վոզնյակը, ամերիկյան McKinsey կորպորացիայի Ցյուրիխի գրասենյակի ներկայացուցիչ Լեոնիդ Կիրակոսյանը, առաջնորդության խորհրդատու Լարս Սուդմանը, Գործարար Դեյվիդ Յանգը և շատ ուրիշներ։
Միջոցառման նպատակն էր խթանել գիտելիքի փոխանակումը, ամրապնդել միջազգային համագործակցությունը և ստեղծել մասնագիտական աճի համար բարենպաստ միջավայր ոլորտի մասնագետների և բիզնես էկոհամակարգի համար, հետևաբար համաժողովի մասնակիցներն իրենց ելույթներում անդրադարձել են ոլորտի մի շարք զարգացումներին, այդ թվում՝ խորհրդատվության, թվայնացման, շրջակա միջավայրի, կայունության, բիզնես միջավայրի խնդիրներին և մի շարք այլ ուղղություններին առնչվող թեմաներին։
Համաժողովի բրենդավորման հիմնական սիմվոլը մատնահետքն էր՝ խորհրդանշելով մասնագիտական հավաքի ազդեցությունն ու ներկայացնելով այն եզակի և մնայուն «հետքը», որը միջոցառումը նպատակ ուներ թողնել թվային փոխակերպման և կայունության ոլորտներում: Մատնահետքը խորհրդանշում է աշխարհում անհատական և առանձնահատուկ հետք թողնելու գաղափարը՝ համաժողովի նպատակին համահունչ՝ կամրջելու նորարարությունները կայուն ապագայի համար