USD379.42EUR441.46RUB4.8278

«Կանաչ ուղի» ընթացակարգով հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով

Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում արձանագրել է շոշափելի արդյունքներ՝ ուղղված արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար գործընթացների դյուրինացմանը։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից։

Ըստ հաղորդագրության՝ դեռևս 2025 թվականի սկզբից ներդրված թվային նոր գործիքակազմերը, դրանց շարունակական արդիականացումը, ինչպես նաև ռիսկերի կառավարման համակարգում կիրառվող ռիսկի պրոֆիլների համապարփակ վերանայումը էականորեն փոխել են մաքսային գործընթացների կառուցվածքը։

Կոմիտեի ղեկավարության նախաձեռնությամբ վերանայվել են բոլոր գործող ռիսկի պրոֆիլները, որոնց զգալի մասն արդիականացվել է։ Բացի այդ, 2024 թվականի մայիսից ներդրվել է ռիսկերի կառավարման վրա հիմնված ապրանքների հայտարարագրերի բացթողնման ինքնաշխատ համակարգը, որի արդյունքում մաքսային գործընթացներում նվազեցվել է մարդկային գործոնի ազդեցությունը՝ տնտեսվարողների շփումը տեղափոխելով ամբողջությամբ թվայնացված միջավայր։

ՊԵԿ մաքսային ռիսկերի կառավարման և վիճակագրության վարչության պետ Ռաֆայել Գրիգորյանի խոսքով՝ եթե 2024 թվականի ընթացքում ավտոմատ բացթողնման ցուցանիշը կազմել է ընդամենը 0.06 տոկոս, ապա 2025 թվականի նոյեմբերի տվյալներով այն հասել է 8 տոկոսի, իսկ դեկտեմբերին՝ արդեն 8.15 տոկոսի։

Տարվա ընթացքում իրականացված մշտադիտարկումների, ինչպես նաև մակրո և միկրո մակարդակներում կատարված վերլուծությունների արդյունքում վերանայվել են սակագնային, ոչ սակագնային և թիրախային հսկողության ռիսկի պրոֆիլները։ Նոր կարգաբերումների շնորհիվ ապաակտիվացվել է ռիսկի պրոֆիլների շուրջ 21 տոկոսը, ինչը կազմում է վերլուծության ենթարկված տվյալների 31 տոկոսը։

Արդյունքում շեշտակի աճել է նաև «կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռը։ Եթե 2024 թվականի նոյեմբերի դրությամբ այն կազմել է 56.4 տոկոս, ապա 2025 թվականի նույն ժամանակահատվածում հասել է 70.2 տոկոսի։ Դեկտեմբերին ցուցանիշը դարձել է շուրջ 73 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ աճելով 16.6 տոկոսային կետով։

Միաժամանակ արձանագրվել է «դեղին» և «կարմիր ուղի» ընթացակարգերով բացթողումների թվի զգալի նվազում։ Ռիսկերի կառավարման համակարգի արդիականացման գործընթացը մեկնարկել է տարեսկզբից և ավարտվել նոյեմբերին, իսկ դեկտեմբերյան տվյալները, ըստ ՊԵԿ-ի, ևս առաջանցիկ են։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ