Հայաստանի կառավարությունը հաստատել է բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է փոխհատուցել գյուղատնտեսական հիմնական աշխատանքների ծախսերի 50 տոկոսը։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ծրագիրը վերաբերում է մինչև 100 հեկտար հողատարածք մշակող տնտեսություններին և ներառում է հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրությունը՝ ներառյալ ցանք, վար, բերքահավաք և սերմերի ձեռքբերման ծախսերը։
Փոխհատուցման չափերը սահմանվել են հետևյալ կերպ՝
• 70,000 դրամ՝ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի համար,
• 85,000 դրամ՝ եգիպտացորենի համար,
• 100,000 դրամ՝ հատիկաընդեղենի համար,
• 110,000 դրամ՝ բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) համար։
Նախարարի խոսքով՝ ծրագրի արդյունքում ակնկալվում է մինչև 27 հազար հեկտար տարածքով ցանք՝ հավաստագրված սերմերով, ինչը կնպաստի ֆերմերների եկամուտների աճին։
Վիճակագրության համաձայն՝ 2025 թվականին ծրագրից օգտվել է շուրջ 5200 շահառու, իսկ 2026-ին ակնկալվում է նրանց թիվը հասցնել 5700–6000-ի։ Նախորդ տարվա համեմատ արդեն արձանագրվել է ցանքատարածությունների 25% աճ, և կանխատեսվում է առնվազն ևս 10% աճ։